կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-18 09:41
Աշխարհ

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններում համաձայնել է Թուրքիայի ներկայացրած պայմաններին, բայց հրադադարի մասին խոսք չի եղել. Չավուշօղլու

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններում համաձայնել է Թուրքիայի ներկայացրած պայմաններին, բայց հրադադարի մասին խոսք չի եղել. Չավուշօղլու

ԱՄՆ-ը Սիրիայի հարցով բանակցություններում համաձայնել է Թուրքիայի ներկայացրած պայմաններին, այն է՝  քրդական զորամիավորումները պետք է մնան առանց ծանր զինտեխնիկայի. հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին:

«Անվտանգության գոտին, որը պետք է ստեղծվի Սիրիայի հյուսիսում, վերահսկվելու է Թուրքիայի զինված ուժերի կողմից»,- շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը ու մանրամասնել՝  Թուրքիան ընդամենը կանգնեցնում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և ոչ ամբողջովին դադարեցնում դրանք:

«Հրադադարի մասին խոսք չի եղել»,- պարզաբանել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ ղեկավարը նշել է նաև, որ «Խաղաղության ակունք» գործողության ավարտի մասին կարող են խոսել միայն այն դեպքում, երբ «բոլոր ահաբեկիչները կհեռանան անվտանգության գոտուց»: Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական զորամիավորումների մարտիկներին ահաբեկիչ է համարում:

Բացի այդ՝ Չավուշօղլուն վերահաստատել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այն հայտարարությունը, ըստ որի՝ քրդական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն 120 ժամվա ընթացքում, ու ավելացրել նաև, որ կողմերը նաև կշարունակեն համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր՝ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: