Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակը արձագանքել է ՀՀ Առողջապահության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խնդրանքին և Հայաստան է ուղարկել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այս նախաձեռնությունը իրականություն է դարձել «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» բարեգործական կազմակերպության հետ սերտ համագործակցության շնորհիվ։
Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան է ուղարկվել մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ:
Փետրվարի 28-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, իսկ ներկայիս դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 6 դեպք: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ։ Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար:
«Ուրախ ենք Առողջապահության նախարարության հետ մեր հերթական արդյունավետ համագործակցության համար: ԱՄՆ–ում արևմտյան շրջանի մեր տեղական մարմնի ջանքերի շնորհիվ՝ սեղմ ժամանակահատվածում կարողացանք ապահովել անհրաժեշտ պարագաների մուտքը Հայաստան», նշում է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Նշենք որ հիմնադրամը բազում առողջապահական ծրագրեր է իրականացնում: Ամեն տարի ԱՄՆ–ից բժշկական առաքելություն է այցելում Հայաստան և Արցախ իրականացնելու բազում վիրահատություններ, խորհրդատվություն, ինչպես նաև արդի սարքավորումներով և դեղորայքով են զինվում տեղական բուժկենտրոնները:
Հիմնադրամի կայքում առցանց գործում է նաև «Առողջ Հայաստան» դրամահավաք արշավի հարթակը, որի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ բժշկական ծառայություններ տրամադրել Հայաստանի հեռավոր համայնքներին՝ խթանելով գյուղական բժշկությունը: