կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 23:54
Քաղաքական

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պատժում են Թուրքիային երկու տարբեր խախտումների համար

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները պատժում են Թուրքիային երկու տարբեր խախտումների համար

Անորոշության և հակասության մի քանի ամիսներից հետո, թե՛ Եվրամիությունը (ԵՄ), թե՛ Միացյալ Նահանգները նույն շաբաթվա ընթացքում որոշեցին պատժել Թուրքիային երկու տարբեր խախտումների համար:

«Ասսոշեյթեդ պրես» (The Associated Press) գործակալությունը հուլիսի 16-ին հաղորդել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «հաստատել են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ՝ գազի հորատման աշխատանքներ կատարելու համար այն ջրերում, որտեղ ԵՄ անդամ Կիպրոսն ունի յուրահատուկ տնտեսական իրավունքներ: Նրանք հայտարարել են, որ կասեցնում են օդային փոխադրումների մասին համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաև բարձր մակարդակի Թուրքիա-ԵՄ երկխոսությունները և կոչ են անում Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկավորումը» Թուրքիային:

ԵՄ արտգործնախարարները դժգոհեցին, որ «չնայած Եվրամիության բազմաթիվ կոչերին՝ դադարեցնելու անօրինական գործունեությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Թուրքիան շարունակեց իր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմտյան մասում և սկսեց երկրորդ հորատման աշխատանքը Կիպրոսի հյուսիս-արևելքում, կիպրական տարածքային ջրերում»:

Անկարայի իշխանությունները, հատուկ թուրքական ամբարտավանությամբ ԵՄ որոշումը անվանեցին «անպետք»: Ավելին, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց. «Մենք երեք նավ ունենք Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ուղարկելու ենք չորրորդը»:

ԵՄ արտգործնախարարները զգուշացրեցին, որ Թուրքիայի նկատմամբ կկիրառվեն  լրացուցիչ պատժամիջոցներ, եթե նա չհրաժարվի Կիպրոսի շուրջ ծավալվող անօրինական հորատման աշխատանքներից:

Միևնույն ժամանակ, ամիսների անվճռականությունից հետո, նախագահ Թրամփը վերջապես որոշեց արգելել Թուրքիային ձեռք բերել ԱՄՆ-ի նորագույն F-35 կործանիչները, չնայած որ Թուրքիան արդեն վճարել էր մեկ միլիարդ դոլար 116 կործանիչ ձեռք բերելու համար և մասնակցել էր ինքնաթիռի որոշ մասերի արտադրության ծրագրին, որի դադարեցման հետևանքով Թուրքիայի պաշտպանության արդյունաբերությանը կհասցվի շուրջ 10 միլիարդ դոլարի վնաս։

Մի քանի առիթներով Թրամփը արդարացրել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների ձեռքբերումը՝ սխալմամբ մեղադրելով Օբամայի վարչակազմին ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռները Թուրքիային վաճառելուց հրաժարվելու համար: Իրականում Թուրքիան է, որ չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկած վաճառքի պայմանները:

Մյուս կողմից, Թրամփը շռայլ գովեստի խոսքեր էր ասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները, ԱՄՆ Կոնգրեսը և անվտանգության աշխատակիցները նախազգուշացրել էին Թրամփին, որ Թուրքիային F-35-երի վաճառքը կարող է վտանգել ինքնաթիռների մասին գաղտնիությունը և խախտել ՆԱՏՕ-ի զինահամակարգի հետ ռուսական հրթիռների օպերատիվ համատեղելիությունը:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ակնհայտ սպառնալիքները կապված Թուրքիայի կողմից ռուսական հիթիռների ձեռքբերման հետ, Թրամփն այլընտրանք չուներ, քան չեղյալ համարել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի համաձայնագիրը: Հակառակ դեպքում, Թրամփը կհայտնվեր ծիծաղելի իրավիճակում՝ կիրառելով «Առաջինը Թուրքիան», այլ ոչ թե իր սիրելի «Առաջինը Ամերիկան» կարգախոսը:

Հուլիսի 17-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ «F-35-ը չի կարող գոյակցել ռուսական հետախուզական տվյալների հավաքագրման պլատֆորմի հետ, որը կօգտագործվի նրա նորագույն հնարավորություններն իմանալու համար»: Նշվում էր, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման որոշումն անհնարին է դարձնում նրա հետագա ներգրավվածությունը F-35 կործանիչների համատեղ ծրագրում:

ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ գնումների և կայուն զարգացման հարցերով տեղակալ Էլեն Լորդը հայտարարել է. «ԱՄՆ-ը և F-35-ի գծով գործընկերները համաձայն են Թուրքիայի մասնակցությունը այս ծրագրին կասեցնելու և Թուրքիային այդ ծրագրից պաշտոնապես հեռացնելու համար գործընթաց նախաձեռնելու որոշմանը»:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր սովորական ամբարտավան ոճով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե նա պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ, ապա իր երկիրը վրեժխնդիր կլինի իր սեփական պատժամիջոցների փաթեթով ընդդեմ ԱՄՆ-ի: Եկեք տեսնենք, թե արդյոք Թուրքիան իր բարձրակոչ հայտարարություններից բացի կիրականացնի իր սպառնալիքները: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները կարող են հանգեցնել Թուրքիայի փխրուն տնտեսության ամբողջական փլուզման:

Նախագահ Թրամփը, որը շատ հաճախ անտեսում է ԱՄՆ ազգային շահերը շահութաբեր գործարար պայմանավորվածությունների հաշվին, հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է գնել միլիարդավոր դոլարների F-35 կործանիչներ: Ըստ սովորության, Թրամփը չափազանցրել է թվերը: Իրականությունն այն է, որ Թուրքիան ծրագրում էր ծախսել մեկ միլիարդ դոլար F-35 ինքնաթիռների ձեռքբերման վրա, այլ ոչ թե միլիարդներ: Բացի այդ, մի շարք երկրներ, այդ թվում `Նիդեռլանդները, Իսրայելը և Պարսկական ծոցի երկրներից մեկն արդեն նշել են, որ կփոխհատուցեն Թուրքիայի կողմից ձեռք չբերված կործանիչների համար՝ լրացուցիչ կործանիչներ ձեռք բերելու միջոցով:

Այնուամենայնիվ, F-35 կործանիչների թուրքական ձեռքբերման արգելումը միակ պատժամիջոցը չէ, որ կարող է կիրառվել Թուրքիայի դեմ: Թրամփը 2017 թ. ստորագրել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA): Նա պարտավոր է այս օրենքով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանից հրթիռներ գնելու համար: Նման որոշումը կախված չէ Թրամփից: Այնուամենայնիվ, Wall Street Journal-ը հուլիսի 21-ին հաղորդել է, որ Թրամփը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն: Նախագահն այս շաբաթ  նախատեսում է հանդիպել մի խումբ սենատորների հետ և քննարկել Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցները, քանի որ  օրենսդիրների կողմից ճնշում է գործադրվում Անկարային պատժելու համար: Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին, խուսափել որևէ պատժամիջոցից, երկրորդ, հետաձգել պատժամիջոցները և երրորդ, առաջարկել պատժամիջոցների ավելի մեղմ տարբերակ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե նախագահը դա չանի...

Նույնիսկ առանց պատժամիջոցների, Թուրքիան արդեն տուժել է միլիոնավոր դոլարների բացասական գովազդից: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի մի շարք խոշոր հրատարակություններ խմբագրականներ գրեցին՝ հարցականի տակ դնելով Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Wall Street Journal-ի խմբագրությունը գրեց. «Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն այժմ այլընտրանք չունեն, քան վերանայել, թե արդյոք Թուրքիան շարունակում է մնալ որպես դաշինքի անդամ»:

Bloomberg-ը հրապարակեց մի խմբագրական՝ «Թուրքիան լքում է Արևմուտքը: Երթաս բարով» վերնագրով:

Ջեդ Բաբբինը «Վաշինգտոն թայմս» թերթում խմբագրական հոդված գրեց՝ «Թուրքիային վռնդե՛ք ՆԱՏՕ-ից» վերնագրով:

Ամեն անցնող օրվա հետ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ՆԱՏՕ-ից՝ հոգուտ Ռուսաստանի: Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների համադրումը մահագույժ կլինի Թուրքիայի տնտեսության և ՆԱՏՕ-ին անդամակցության համար...

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր