Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հռետորական հարց հնչեցրեց` 30 տարի ասում ենք, թե զարգացնում ենք փոքր ավիացիան, բայց ինչո՞ւ այն չի զարգանում: Պատասխանը, ըստ նրա, հետևյալն է` մոտիվացիա չի եղել, քանի որ փոքր օդանավով թռչելն ավելի դժվար է, քան մեծ օդանավով թռչելը: Վստահեցրեց` այս պահին փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս ապահովել փոքր օդանավակայանների անվտանգությունը, իսկ դրա լուծման համար օրենսդրական փոփոխություններ են հարկավոր։
Ռևազյանը նշեց, որ փոքր ավիացիան շահութաբեր չէ: «Մարդ չի գա՝ փոքր ավիացիա զարգացնելու, որովհետև մեծ փողեր է ուզում աշխատել։ Հայաստանի փոքր օդանավակայանները շատ վատ վիճակում են: Ներդրում է պետք անել, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ թռիչքներն անվտանգ լինեն»,- ասաց նա:
Իսկ անվտանգ թռիչքների համար խիստ կարևոր է լավ կրթություն ունենալը: «Հաշվի առնելով մեր երկրի վիճակը՝ կարևոր է, որ մենք կարողանանք տարբեր ավիացիոն դպրոցներում ու համալսարաններում անվճար տեղեր գտնել մեր մասնագետներին վերապատրաստելու համար: Քաղավիացիայի զարգացման համար կարողացել եմ ներգրավել օտարերկրյա հայտնի մասնագետների: Վերջերս Հայաստան էր եկել աշխարհում ամենահայտնի աուդիտորներից մեկը, նա աշխատում է միջազգային քաղավիացիայում: Ասաց, որ պատրաստ է իր ծառայությունները մեզ անվճար տրամադրել, թեև նրա ամեն մի խորհուրդը պետության վրա 20-30 հազար դոլար է նստում: Նա մեզ որևէ սահմանափակում չի տվել, որքան պետք է, կանգնած է մեր կողքին: Սինգապուրի քաղավիացիան մեզ հայտնել է, որ Հայաստան կուղարկի պատվիրակություն, որը կզբաղվի օդանավակայանի անվտանգությամբ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունենք, և սա` նույնպես անվճար»,- հայտնեց Ռևազյանը:
Նա ընդգծեց նաև, որ օրենքի մեջ փոփոխություն անելու անհրաժեշտություն կա: Ըստ Ռևազյանի` ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում` բարձր սակագներ և օդի շատ փող:
«Երևի առաջարկենք օդի փողը հանել նոր ուղղությունների համար, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է բացում, դա շատ ռիսկային է, և ժամանակ է պետք այդ ուղղությունը զարգացնելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե մենք այդ օրենքն ընդունենք, ու միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանն էլ պատրաստ լինի սակագներն իջեցնել նոր ուղղությունների համար, նրանք պատրաստ են հայկական ավիաշուկա մուտք գործել, խոսքը «Wizz air»-ի և «Ryanair airlines»-ի մասին է»: Նրանք պատրաստ են միաժամանակ մուտք գործել»,- հայտնեց Տաթևիկ Ռևազյանը: