կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 16:21
Քաղաքական

Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի խոսակցություն չի եղել. Տաթևիկ Ռևազյան

Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի խոսակցություն չի եղել. Տաթևիկ Ռևազյան

Մամուլում  տեղեկություններ տարածվեցին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն գործուղման շրջանակում։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը շեշտեց, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու հարց չէր կարող լինել:

«Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաստից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի՝ նրանք գալու են, թե չեն գալու: Կոնկրետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել: Ընդամենը սուրճ ենք խմել, առաջին  անգամ իրար տեսածներին ծանոթացրել են. տարբեր երկրների քաղավիացիայի բոլոր ղեկավարների հանդիպում էր: Պատկերացնում եք, որ սենյակում տարբեր երկրների ղեկավարներ լինեն, և ես փախչեմ, ու Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարը լինի, իսկ մենք՝ ոչ: Մենք զբաղվում ենք թռիչքային անվտանգությամբ և իրավունք չունենք ցույց տալու, որ պոլիտիկա կա… Կարդացեք, թե ինչ է ասում ԻԿԱՕ-ն»,- մանրամասնեց Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ իրենք շեշտը դնում են թռիչքային անվտանգության վրա:

«Իրականությունից չենք կարող փախչել, Ադրբեջանը և Թուրքիան  մեր հարևան երկրներն են: Հետո` ինքնաթիռները նրանց տարածքով անցնում են, մտնում մեր տարածք, և նույնը` Թուրքիայից, ուստի պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք` անվտանգությունից ելնելով: Այո, ադրբեջանական ինքնաթիռ չի գալիս մեզ մոտ,  հայկական ինքնաթիռ չի գնում Ադրբեջան, բայց շատ ինքնաթիռներ են անցնում և'  նրանց տարածքով, և'  մեր: Նավիգացիան 2 ուղղությամբ է՝ մեկը զբաղվում է, որ ինքնաթիռներն իջնում են օդանավակայաններում, երկրորդն ուսումնասիրում է այն թռիչքները, որոնք իրականացվում են: Այսինքն՝ թռիչքային անվտանգությունն ապահովելու համար այդ կապը կա, սա կարող եք գրել»,- ասաց Ռևազյանը:

Հարցին՝ ադրբեջանական կողմը սուրճի սեղանի շուրջ արդյո՞ք ակնարկել է Ստեփանակերտից քաղաքացիական թռիչքների իրականացման մասին, նա պատասխանեց. «Ոչ մի նման հարց, ընդհանրապես նման բան չի եղել: Կարծում եմ` կվախենային»: