Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎԵՏՕ» նախաձեռնությունն այսօր դարձյալ Սահմանադրական դատարանի դիմաց իրականացնում է շտապ հավաք՝ սահմանադրական տապալված կարգը վերականգնելու գործընթացը շարունակելու համար: Այս մասին նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությւոն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
«ՀՀ սահմանադրական կարգի տապալումը, որը զուգորդվեց կառավարական շենքերի ապօրինի արգելափակմամբ, Ազգային ժողովի ապօրինի շրջափակմամբ, պատգամավորների նկատմամբ ճնշումներով, դատարանների մուտքերի ապօրինի արգելափակմամբ, դատական իշխանության վրա հրապարակային և բացահայտ ճնշումներով, ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ ոտնահարումներով, արդեն հասել է անթույլատրելի աստիճանի՝ վերածվելով ՀՀ Սահմանադրության, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ բացահայտ ծաղրի:
Իշխող քաղաքական ուժը բուծել է խուլիգանախմբեր, որոնց հռչակել է «ժողովուրդ», ֆեյքերի ջոկատներ, որոնց հռչակել է «ժողովրդի ձայն» և դրանց միջոցով հանրությանը պարտադրում է իր ապօրինությունները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք սկսելու մասին: Այդ նպատակով «ՎԵՏՕ»-ն սկսում է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և մտահոգ անհատների հետ խորհրդակցությունների շարք՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ճանապարհային քարտեզի, գործիքակազմի և ժամանակացույցի մշակման ու իրագործման նպատակով:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ ՀՀ-ում իրականացվող ատելության քարոզի, դրա բոլոր հետևանքների իրավական ու քաղաքական անտրամաբանական լուծումների և դրանով պայմանավորված՝ հետագա սրացումների, լարվածության, հնարավոր բոլոր բախումների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշված է հայտարարության մեջ: