Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովն այսօր ձայների` 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի` 2 կազմակերպություն` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները մասնավորեցման ցանկից կհանվեն. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500 մահճակալանոց պետական հիվանդանոցն ունի թե ախտորոշիչ և թե բուժական հնարավորություններ:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես, այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված ընկերությունների գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը»,- նշել է նախարարը, հավելելով, որ համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձևաչափը: