կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 15:25
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը գրազ առաջարկեց առողջապահության նախարարությանը

Նաիրա Զոհրաբյանը գրազ առաջարկեց առողջապահության նախարարությանը

Դեղերը դեղատոմսերով գնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթում նախ անընդունելի համարեց, որ լսումներին ներկա չէ առողջապահության նախարարը:

«Ոլորտին վերաբերող լրջագույն քննարկում է, ես սա արհամարհանք եմ ընդունում խորհրդարանի նկատմամբ: Ապրիլի 9-ից, երբ նոր Սահմանադրությունը լիարժեք կմտնի ուժի մեջ, «Ծառուկյան» խմբակցությունը կօգտվի այն դրույթի տված հնարավորությունից, որ հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել կառավարության առանձին անդամների հրաժարականի հարցը: Այն նախարարները, ովքեր իրենց պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցերին, նմանօրինակ նախարարների հրաժարականի հարցը անպայման կքննարկենք և կբարձրաձայնենք»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով լսումների թեմային` պատգամավորն ընդգծեց, որ որևէ մեկը չի ասում, թե ոլորտը թող լինի բարձիթողի վիճակ, և դեղերի շրջանառությունը չհսկվի:

«Այո, հիվանդը չպիտի որոշի` ինքը հիվա՞նդ է, թե՞ չէ, չպիտի ինքն իրեն գնա և դեղատնից վերցնի դեղ, բայց, ինչպես միշտ, մենք գալիս ենք վերջից` էվոլյուցիոն ողջ փուլը չանցնելով»,- նշեց նա:

Զոհրաբյանը նաև քննադատեց Եվրամիությանը հղում անողներին: «Եվրոպական երկրներում կա ցիվիլ առողջապահական համակարգ, առողջապահական ապահովագրական համակարգ, այլ մեխանիզմներ են գործում: Երբ քաղաքացին գնում է դեղատուն` 200 դրամանոց դեղ գնելու, և նրան ասում են, որ պետք է 20 հազար դրամանոց հետազոտություն անցնի, այդ գումարը ոչ թե վճարում է պացիենտը, այլ առողջապահական ապահովագրությունը»,- ասաց նա և հավելեց, որ մենք, չունենալով առողջապահական ապահովագրություն, ունենալով բազմաթիվ խնդիրներ ոլորտում, որոնք պետք է մինչ այս լուծվեին, գալիս ենք վերջին կետին:

«Ասում ենք` ահա սա լավ է, սա միջազգային փորձ է: Մինչդեռ միջազգային փորձը առողջապահական ապահովագրական համակարգ ունենալն է, ունենալն է բժիշկներ, որոնք կարող են տառաճանաչ կերպով գրել դեղատոմս: Հիմա ես գրազ եմ առաջարկում առողջապահության նախարարությանը` միասին մտնենք, 10 բժշկից 8-ին ասենք, որ գրեն անալգինի քիմիական բանաձևը, վստահեցնում եմ ձեզ`10-ից 8-ը չի կարող գրել»,- հայտարարեց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ նախ պետք է այս խնդիրները լուծել, հասկանալ` արդյո՞ք ունենք պրոֆեսիոնալ դեղագործներ համակարգում, ունե՞նք այնպիսի բժիշկներ, որոնք կարող են գրագետ ախտորոշել և գրել դեղատոմս:

«Ես կասկած ունեմ, որ սրանով մենք դեղի մաֆիայի համար կանաչ ճանապարհ ենք բացել, որովհետև գաղտնիք չէ, որ ունենք բազմաթիվ դեմքեր, ովքեր դեղ են ներկրում, հիվանդանոցներ ունեն, դեղատներ` իրենց հիվանդանոցներում, և հիվանդներին ուղղորդելու են այն դեղատները, որտեղ իրենց հիվանդանոցին պատկանող բժիշկը գրելու է այն դեղի անունը, որ տվյալ օլիգարխը ներկրում է անձամբ: Ո՞վ չի հասկանում` ինչ մոնոպոլիայի է տանելու այս համակարգը»,- շեշտեց նա:

Պատգամավորը խոսքն ավարտեց այսպես. «Ասում են` վերջին շրջանում առողջապահությունը մեծ քայլերով աշխարհում զարգանում է, իմ տպավորությամբ` թռիչքաձև անցել է Հայաստանի վրայով»: