կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 15:36
Հասարակություն

ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը

ԱԺ նիստերի դահլիճի նախասրահում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությունն անցկացվելու է ժամը 15.00-ից մինչև 16:00-ը` նիստին զուգահեռ։

Նախքան քվեարկությունը ԱԺ խմբակցությունները հնչեցրեցին իրենց տեսակետները: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել, «Բարգավաճ Հայաստան»-ը նշեց, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, իսկ «Իմ քայլից» հայտարարեցին, որ առաջադրված թեկնածուն իշխանության թեկնածուն է։

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթում շեշտեց՝ բազմիցս մատնանշվել է,  որ օրենսդրական խնդիր կա, և կար հստակ պահանջ այդ խնդրով, մինչդեռ  պատասխանը եղել է, որ թե այս պահանջը չի խախտվում Վահե Գրիգորյանի առաջադրումով, հետո հետո սրբագրելով պատասխանել են, որ այո պահանջ կա, բայց հակասահմանադրական է։ 

«Եթե տեսնում էինք խնդիր կա, քաղաքական մեծամասնություն եք, կարող էիք օրենքում փոփոխություն կատարել, բայց առանց դրա քաղաքական որոշման եք գնացել, որը լավ ճանապարհ չէր։ Բոլոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, և ինչքան էլ պարոն Գրիգորյանի մասնագիտական ունակությունները, նրա անձը և ունեցած փորձը գնահատենք, չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,- ասաց նա և հավելելով՝վաղվա իրավական պետությունը պետք է անցնի օրենսդրական ճանապարհով։

ԲՀԿ-ի անունից խոսեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, նշելով, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի։ «Որովհետև վաղը երբ ինչ-որ հարցեր  լինեն, երբ որոշակի որոշումներ ընդունվեն, չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այն մարդը, որ մասնակցում է որոշումներ կայացնելուն, լինի խոցելի»,-ասաց նա։

«Ով ուզում է լինի, երբ ուզում է լինի, ինչ կարգով ուզում է լինի, մենք միշտ ունենալու ենք հարցեր, միշտ կասկածի տակ ենք դնելու յուրաքանչյուր, նույնիսկ ամենափայլուն թեկնածուին, ոչ թե այն պատճառով, որ փորձում ենք դիվիդենտներ քաղել, այլ այն րոպեից, երբ հարցերը կվերջանան, ուրեմն ՀՀ-ում քաղաքականությունը կվերջանա»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց,  թե ասում են, որ Վահե Գրիգորյանն իշխանության թեկնածուն է։

«Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ, մենք վստահության քվե ենք ստացել, որը պատասխանատվություն է նաև, մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա»,-ասաց նա։

  Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։