կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 20:47
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը Իրանի արտգործնախարարին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

Վիգեն Սարգսյանը Իրանի արտգործնախարարին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն: Թերթի խմբագրակազմի հետ հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-իրանական հարաբերությունների, ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու առաջիկա անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մանրամասնել է նաեւ «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 1-ին եղել է նաեւ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպել թեմի առաջնորդ, աքրեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարգսյանի, հոգեւոր դասի եւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարն արժեւորել եւ բարձր է գնահատել Հայոց եկեղեցու եւ սփյուռքի կառույցների դերակատարությունը հայապահպանության, ինչպես նաեւ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման գործում:

Պաշտոնական այցի ընթացքում փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Քննարկվել են հայ-իրանական փոխգործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությունը տարբեր բնագավառներում եւ ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, կողմերը շեշտել են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Ընդգծելով խաղաղ, բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը:

ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրների հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են հայ-իրանական համագործակցության առաջնահերթություններին, ընդգծվել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: