կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 17:26
Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում փող ընդունելու վերաբերյալ որևէ խոչընդոտ չկա․ ԿԲ նախագահ

Հայաստանի Հանրապետությունում փող ընդունելու վերաբերյալ որևէ խոչընդոտ չկա․ ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր Ազգային ժողովում չհերքեց տեղեկությունը, որ Ռուսաստանից և Ղազախստանից բանկային փոխանցումների խոչընդոտ է առաջացել:

«Մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը… Այն ընդամենը կախված է նրանց բանկային համակարգից: Խնդրել ենք մեր գործընկերներին` եթե նման դեպքեր լինեն, մեզ տեղեկացնեն: Խնդրում եմ նաև այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին և դրանից հետո, եթե լինի խնդիր… Ակնհայտ է, որ  Հայաստանի Հանրապետությունում փող ընդունելու վերաբերյալ որևէ խոչընդոտ չկա»,- ասաց Ջավադյանը:

Հարցին՝ չի՞ փորձել ԿԲ-ն պարզել՝ ի՞նչն է խնդիրը, նա պատասխանեց. «Ինչքանով մենք ենք պարզել, նման խնդիր, խոչընդոտ չկա: Հնարավոր է՝ փողերի լվացման խնդիրներ լինեն, և այդ երկրներում ուղղակի գումարները չթողնեն»:

Հարցին՝ հնարավո՞ր է այս խնդիրը պայմանավորված լինի ՀՀ վարչապետի՝ Ղազախստան կատարած այցով, քանի որ այդ խնդիրն առաջացավ նրա այցից հետո, ԿԲ նախագահը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով. «Դա որևէ կապ չունի ո′չ վարչապետի այցի հետ, ո′չ էլ Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով` հնարավոր է լինեն տեխնիկական խնդիրներ` կապված շուկայի ներքին զարգացման հետ»: