Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորը և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված քառասուն հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան եւ այցի շրջանակներում անցկացվող տարբեր հանդիպումները, ինչը լավ հնարավորություն է տեղում քննարկելու հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայացուցչական պատվիրակության այս այցն արտացոլում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմաբովանդակ էությունը, որը մշտապես աչքի է ընկել առավել խորը փոխգործակցությամբ եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական սերտ կապերով:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակիցները որպես համագործակցության կարեւոր ուղղություն առանձնահատուկ ընդգծել են բիզնես շրջանակների միջեւ կապերի խրախուսումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափերի, նորարարական եւ ստեղծագործ կրթության ոլորտում համատեղ նախագծերի նախաձեռնումը:
Երկուստեք կարևորվել է հայ համայնքի կարեւոր դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում, որը նաեւ ամուր կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջեւ։
Զրուցակիցներն առանձնահատուկ կարեւորել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ որպես երկկողմ օրակարգի առավել հարստացմանն ուղղված քայլ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ այդ համատեքստում կարեւորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը: