Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Արարատ քաղաքում քարոզարշավային իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր` վարչապետ ընտրվելուց հետո Ադրբեջանը հայտարարեց «Նախիջևանում 11.000 հա տարածք գրավելու մասին», և ՀՀ-ում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար տուրք տվեցին այդ ապատեղեկատվությանը:
«Ես վստահ եմ, որ դուք՝ Արարատի բնակիչներդ, հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է: ՀՀ զինված ուժերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում են պաշտպանել մեր սահմանները և վստահորեն պահպանել մեր անվտանգությունը: Նրանք տեղյակ են դիրքային այդ նրբություններին, որ սեզոնային որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Եվ, ըստ էության, կարող ենք արձանագրել՝ նախկին պես ՀՀ ԶՈւ-ն այսօր ամբողջությամբ տիրապետում է ռազմավարական նախաձեռնությանը»,- շեշտեց նա՝ տեղեկացնելով, որ սրանում համոզվելու համար 15 օր առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում և տեղում ծանոթացել վիճակին:
Ռազմական գաղտնիքից ելնելով` ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չցանկացավ մանրամասներ հայտնել այցից:
«Մեր զինվորը դուխով է, այդտեղ որևէ կասկած չկա: Բայց ես կարևոր եմ համարում ընդգծել, որ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայող, շարքային զինվոր, կրտսեր, միջին կամ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչ պետք է հստակ արձանագրի, որ ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլև ժողովուրդը ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում գիտակցում են, որ առաջիկայում զինվորների ծառայության պայմանները պետք է էականորեն բարելավվեն՝ սկսած սննդամթերքից, շարունակած հագուստով և վերջացրած սպառազինությամբ: Մենք այսօր հստակ գնում ենք այդ ուղղությամբ: Դա բավականին լուրջ աշխատանք է և ունի իր բարդությունները, բայց կոչ եմ անում չհավատալ բոլոր այն սադրիչ լուրերին, որոնք ոմանք քաղաքական էժան դիվիդենդներ շահելու նպատակով անում են»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ քննադատությունը կառավարության համար ևս օգտակար է, բոլորի համար է օգտակար, քանի որ ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է:
«Բայց չի կարելի սեփական նեղ քաղաքական շահերի համար սուտը տարածել և հարվածել ազգային անվտանգությանը: Այսօր քաղաքական ուժեր կան, որոնք այդ ճանապարհով են գնում: Մեզ ոմանք փորձում են մեղադրել Արցախի դեմ դավադրությունների մեջ: Մեկ, երկու, երեք` կարող ենք հասկանալ նախընտրական տրամադրությունը, բայց երբ այդպիսի լուրջ մեղադրանք են ներկայացնում, դա արդեն միայն քաղաքական հարթակում քննարկելու բան չէ: Այդ մարդիկ պետք է գնան և համապատասխան մարմիններին տան բացատրություններ և հանրության առաջ կանգնեն ու պատասխան տան: Ժողովո'ւրդ ջան, ասում են, թե այս հեղափոխությունը դավադրություն է Արցախի և Հայաստանի դեմ: Պահանջեք, որ բացատրեն՝ էդ ինչ դավադրություն է, էդ ինչ ինֆորմացիա է: Հեղափոխությունն արել է ժողովուրդը, ուրեմն նա հայ ժողովրդին է մեղադրում Արցախի և ՀՀ-ի դեմ դավադրության մեջ: Արցախի հարցը լուծողը կառավարությունը չէ, Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է, և ինչ կառավարություն էլ լինի, չի կարող ժողովրդի թիկունքում… Կամ` ֆիզիկապես դա ո՞նց են պատկերացնում: Մի կառավարություն էդքան տուպոյ էղավ, որ գնաց ինչ-որ դավադրությունների մեջ մտավ, բա հետո հետ չի՞ գալու, հետ չի՞ գալու: Իրանք իրանց խառնում են ուրիշների հետ: Դուք եք, որ երբ գնացել եք բանակցությունների, մտածել եք՝ էս Բրյուսելի բիզնեսի վերջն ինչ է լինելու, Մոսկվայի բիզնեսի վերջն ինչ է լինելու, բա ԱՄՆ-ում մեր անշարժ գույքի վիճակն ինչ է լինելու»,-նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ շատ բան է փոխվել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը ոչ մի տեղ բիզնես շահ չունի: «Չկա որևէ ուժ, որ մեր կառավարության վրա ազդելու լծակ ունենա: Չկա այդպիսի ուժ և չի լինելու: Մեր կառավարության վրա միակ ազդող ուժը կա և կլինի Հայաստանի ժողովուրդը: Ուրիշ որևէ մեկը գլուխը պատին կտա»,- խոսքն ամփոփեց նա: