կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 19:29
Հասարակություն

ԵՄ 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը կկազմի 65 մլն եվրո

ԵՄ 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը կկազմի 65 մլն եվրո

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Մհեր Գրիգորյանն անդրադարձել է արդարադատության ոլորտում Կառավարության ծրագրած բարեփոխումներին՝ համարելով դրանք առաջնային երկրի զարգացման տեսանկյունից: 

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է այցի ընդլայնված օրակարգը և նպատակը, ինչպես նաև տեղեկացրել է, որ Եվրոպական միությունը 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով, ընդհանուր առմամբ՝ կազմելով 65 մլն եվրո, ինչը գերազանցում է 2018թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը 29 մլն եվրոյի չափով:

Ավելացված ռեսուրսները աջակցելու են Հայաստանին առանցքային ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում, այդ թվում՝ ՀԸԳՀ իրավական մոտարկման շրջանակներում: 2019 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվելու են էներգաարդյունավետության, բնապահպանության ոլորտներում, աջակցելու են համայնքային զարգացմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ենթակառացվածքային ներդրումային ծրագրերին: