կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-19 23:08
Քաղաքական

Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել. Նոր Ջուղայի Հայ Դատի Հանձնախմբի հայտարարությունը

Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել. Նոր Ջուղայի Հայ Դատի Հանձնախմբի հայտարարությունը

Հայաստանում ժողովրդական արդար պահանջատիրութեան ալիքի վրայ, «սիրոյ եւ համերաշխութեան» նշանաբանով իշխանութեան անցած քաղաքական ուժի եւ նրա հետեւորդների կողմից հայրենի երկրում սերմանւող ու խրախուսւող քաղաքական անհանդուրժողականութիւնը, արդէն խիստ մտահոգիչ հետեւանքներ է ունեցել: 

Այս կործանարար վարքագծին են միացել Հայաստանի վերանկախումից անմիջապէս յետոյ հայրենի մեր ժողովրդին անդունդի եզրին հասցրած, քաղաքականապէս սնանկացած ու մերժւած, բայց եւ վերջին ամիսներին կրկին գլուխ բարձրացրած, ապազգային մօտեցումներով պետական համակարգը եւ հայկական քաղաքական դաշտը թունաւորող ուժեր եւ պարագլուխներ, որոնք ձգտում են ժողովրդի մէջ խորացնել պառակտումն ու ատելութիւնը:

Պառակտում, որն սկսել է ոչ մի սահման չճանաչել, իրար դէմ հանել «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ «ԱրցախՑԻՆԵՐԻՆ», «ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ հայրենադարձներին,«ՀայաստանՑԻՆԵՐԻՆ» եւ սփիւռքահայերին, «իւրայիններին» եւ «թշնամիներին»: Ատելութիւն, որ ամբոխի է վերածել ժողովրդին, կուրացրել ու թունաւորել է մարդկանց:

Մայիսի 18-ին մի խումբ մոլագարների կողմից այսպիսի կոյր ատելութեան թիրախ է դարձել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Դէպի Երկիր» կոչը սեփական գործով կեանքի վերածաց, Արցախեան ազատամարտի առաջին իսկ օրերից ընտանեօք հայրենադարձւած եւ այդ պայքարում խոշոր ներդրում եւ մասնակցութիւն ունեցած, ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որը Երեւանի Ազատութեան հրապարակում զբօսնելիս է եղել իր մանկահասակ թոռների հետ:

Նոր Ջուղայի հարազատ զաւակ Հրանտ Մարգարեանին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, Դաշնակցութեան անցած ուղին եւ ազգանւէր գործունէութիւնը նւաստացնող եւ խեղաթիւրող յերիւրանքներն ու սպառնալիքները նախապէս ծրագրւած, թելադրւած եւ հրահրւած քայլեր են Դաշնակցութեան հայրենի թէ սփիւռքեան ամբողջ ընտանիքի դէմ: Դրանք հետեւանք են վերջին ամիսներին ե°ւ պաշտօնական լրատւամիջոցներով, ե°ւ տարբեր հարթակներում ՀՅԴ-ի դէմ ուղղակի կամ քողարկւած քարոզչական սեւ արշաւի, որը թիրախաւորել է Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը, ազգային գաղափարախօսութիւնը եւ նպատակները` իբր ՙնոր եւ առաջադիմական՚ քաղաքական մշակոյթ, հասարակութիւն եւ երկիր կերտելու համար:

Համոզւած ենք, որ փողոցային որակներով եւ անպատժելիութեամբ արբեցած խուժանն ընդունակ չէ` ոչ երկիր կառուցել, ոչ երկիր շենացնել, ոչ ժողովրդավարութիւն եւ արդարութիւն հաստատել եւ ոչ, առաւել եւս, երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից, յատկապէս վարչապետ Նիկոլ Փաշինեանից եւ իրաւապահ մարմիններից` կանխել վերը նշւած ազգավնաս եւ սադրիչ գործողութիւնները եւ գործելաոճը, համապատասխան քաղաքական եւ իրաւական գնահատական տալ կատարւածին եւ պատասխանատւութեան ենթարկել օրինազանցներին:

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ
19 Մայիս 2019 թ․