կարևոր
3844 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-06 10:10
Աշխարհ Քաղաքական

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ. Զօրակցում ենք Արցախի ժողովրդին

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ. Զօրակցում ենք Արցախի ժողովրդին

Հայաստանի ու Արցախի դէմ սանձազերծւած նւաճողական վերջին պատերազմներն ու յարձակումները, վերջին մի քանի ամիսների իրադարձութիւնները, մեր տարածաշրջանում մեծապետական տարբեր ուժային կենտրոնների հրահրմամբ ստեղծւած պատերազմական իրավիճակն ու անվտանգային ծանր խնդիրները, այդ ուժերի անմիջական հովանաւորութեամբ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումները եւ փանթուրքիզմի նորանոր ծրագրերը, յատկապէս Արցախի հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարների ուղղութեամբ, ՀՀ իշխանութիւնների կողմից Արցախի ապագայի հետ կապւած յայտարարութիւններն ու բանակցային գործընթացներում նրանց դիրքորոշումները լուրջ մտահոգութիւն են առաջացրել Արցախում և համայն հայութեան շրջանակներում։

2022 թւականի հոկտեմբերի 30-ին արցախահայութիւնը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից կոչ ուղղեց Մայր հայրենիքին, կոչ ուղղեց միշտ իրեն զօրակցած Սփիւռքին, կոչ ուղղեց միջազգային հանրութեանը, որ`

– Լսենք իրենց ձայնը, լսենք Վերածննդի հրապարակում նոր շնչով վերածնւած տասնեակ հազարաւոր ազատատենչ ժողովրդին, Անկախ եւ Ազատ Արցախում ծնւած մանուկներին, հասակ առած քաջ երիտասարդներին։

– Զօրակցենք իրենց, զօրակցենք միմեանց` հայութեան արդար իրաւունքների համար իրենց թանկագին զաւակներին զոհաբերած ժողովրդին։

– Չդաւաճանենք իրենց, չդաւաճանենք իրենց ու բոլորիս յաղթանակներին, չընկճւենք պարտութեան առջեւ։

– Մենակ չթողնենք նրանց եւ նրանց չմատնենք հերթական ցեղասպանութեանը։

Համոզւած ենք, որ չկա́ Արցախի անվտանգութեան առանձին հարց, չկա́ Սիւնիքի անվտանգութեան առանձին հարց, չկա́ Հայաստանի անվտանգութեան որեւէ երաշխիք եւ հնարաւորութիւն առանց Արցախի, չկա́ Սփիւռքում արժանապատիւ, կենսունակ եւ անվտանգ համայնքային կեանք` առանց Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան եւ ինքնիշխանութեան, որովհետեւ թուրք-ադրբեջանական ծրագիրն բոլորիս է դէմ, որովհետեւ թուրք-ադրբեջանական ծրագրով չպիտի լինի հայկական պետութիւնը, չպիտի լինի ու ստեղծագործի արժանապատիւ ու համախմբւած հայը` ոչ Հայաստանի հանրապետութիւնում, ոչ Արցախում եւ ոչ էլ աշխարհի որեւէ վայրում։

Հաւատարիմ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարի թելադրանքներին, վերահաստատելով, որ մեր բոլոր յաջողութիւնների ու ձեռքբերումների և պետականաշինութեան առանցքային հիմքերից է հանդիսանում այդ Եռամիասնութիւնը, արձագանքելով Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի եւ արցախահայութեան կոչին, յայտարարում ենք, որ`

– Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ այս գաղափարը պէտք է լինի ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում։

– Մերժում ենք Արցախը Ադրբեջանին բռնակցելու որեւէ փորձ, որը միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է եւ հայ ժողովրդին նոր ցեղասպանութեան ենթարկելու պաշտօնական արտօնագիր։

– Զօրակցում ենք Արցախի ժողովրդի ինքնիշխանութեանը, ազատ եւ անվտանգ ապրելու մարդկային հիմնարար իրաւունքներին։

– Անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու առաքելութիւնից հրաժարումը եւ որեւէ փաստաթուղթի ստորագրութիւնը, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետութեան գոյութիւնը կասկածի տակ կդրւի։

– Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից՝ միջազգային հարթակներում հանդէս գալ հայկական երկու հանրապետութիւնների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկայ հիմնարար փաստաթղթերը, մասնաւորապէս՝ 1990 թւականի օգոստոսի 23-ին ընդունւած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը եւ Գերագոյն Խորհրդի 1992 թւականի յուլիսի 8-ի պատմական որոշումը։

– Շարունակելու ենք սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրաւունքները եւ շահերը տարբեր ատեաններում` համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետութեան ճանաչման գործին։

Նոր Ջուղայի Հայ Դատի Յանձնախումբ

Նոր Ջուղա, Իրան

5 նոյեմբերի 2022 թ.