Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանը հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:
«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:
«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորը արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։
Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: