կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 19:15
Քաղաքական

Լեոնիդ Սրբազանը կարևորել է բարեկամական սերտ գործակցությունը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջև

Լեոնիդ Սրբազանը կարևորել է բարեկամական սերտ գործակցությունը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջև

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն արտահայտեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Ս. Սինոդի որոշմամբ Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ նշանակելու կապակցությամբ: Անդրադառնալով երկու ժողովուրդների` փոխադարձ հարգանքով ու համագործակցությամբ հատկանշված բազմադարյա հարաբերություններին` Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Ռուս Եկեղեցու կողմից բարձրաստիճան եկեղեցականի նշանակումը յուրահատուկ վկայությունն է առկա ջերմ բարեկամության:

Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այդ քայլը ավելիով կնպաստի Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա սերտ կապերի և գործակցության զորացմանն ու ամրապնդմանը: Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը երախտիքի խոսք հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` կիսվելով նաև Հայաստան և Մայր Աթոռ կատարած իր այս առաջին այցի տպավորություններով: Լեոնիդ Սրբազանը ևս կարևորեց բարեկամական սերտ գործակցությունը երկու Եկեղեցիների ու ժողովուրդների միջև՝ վստահեցնելով Նորին Սրբությանը, որ իր ծառայությամբ անելու է ամենը `նպաստելու փոխահարաբերությունների զարգացմանը:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու սերը փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին, իսկ Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսին մաղթեց բեղուն ծառայություն Հայաստանում: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                                 
Տեղեկատվական համակարգ