կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 13:18
Քաղաքական

Վիտալի Բալասանյանի հայտարարությունն իմքայլականները տարբեր կերպ են ընկալել` վիրավորական և ցավալի

Վիտալի Բալասանյանի հայտարարությունն իմքայլականները տարբեր կերպ են ընկալել` վիրավորական և ցավալի

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ընդունելի չէ. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Վիտալի Բալասանյանն Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է, իսկ «անվտանգություն» բառն ամեն ինչ ասում է։ Նման պաշտոն զբաղեցնող մարդը, անկախ իր նախկին ծառայություններից, չպետք է նման հայտարարություն անի։ Բալասանյանի ծառայությունները պետության, Արցախի ու մեր հաղթանակների նկատմամբ գնահատվում են, բայց գործողությունները, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունը, անթույլատրելի են։ Որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալու իրավունք չունի, ինչը թուլացնում է մեր 2 պետությունների անվտանգության համակարգը»,- հայտարարեց նա:

Դառնալով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի` Վիտալի Բալասանյանի հայտարարությունը «տարօրինակ» բնորոշելուն` Քոչարյանն ասաց, որ հակադարձումը բնական էր: Այդ պահվածքը, ըստ նրա, վերջին 2 օրվա ընթացքում մեր հանրության վրա որոշակի բացասական ազդեցություն է թողել: «Պաշտոնատար անձի հայտարարությունը ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգը, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել: Չի կարելի այդպիսի բան անել»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը:

Ի տարբերություն Քոչարյանի, որը Բալասանյանի հայտարարությունը վիրավորական է համարում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին հայտարարությունը չի մտահոգում: «Ինձ համար ոչ թե մտահոգիչ է, այլ ցավալի է հենց պարոն Բալասանյանի համար»,- նշեց պատգամավորը: