Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը համարում է, որ ինքն էլ կորած մարդ չէ, շատ տեղեկություններ է տարբեր տեղերից, վերլուծում, փորձում հասկանալ, թե «էս քամին որտեղից է գալիս»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա այսպես մեկնաբանեց իրեն առաջադրված մեղադրանքը, այն է`պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Անդրադառնալով հարցին, թե այս պահին որևէ ճնշում կա՞ իր նկատմամբ, Սանասարյանն ասաց. «Երբ այս պրոցեսն ավարտվի, ես իմ գնահատականը կտամ՝ ճնշում կա, թե` չէ: Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամենն ինչն արվում»:
Նա նաև շեշտեց, որ հիմնավոր կասկածներ ունի, սակայն առայժմ դրանց մասին չի բարձրաձայնի:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ, առանց վարչապետին զեկուցելու, իրեն մեղադրանք առաջադրվեր: Այս հարցադրումը ՊՎԾ նախկին պետը չմեկնաբանեց:
Փոխարենը նրա փաստաբան Արսեն Սարդարյանն ասաց. «Այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը: Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով: Հստակ երևում է վարչապետի պատգամը. նա այս գործերին չի խառնվում»:
Փաստաբանը շեշտեց նաև. «Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց մտավախություն կա` ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում, առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու` պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել, ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ»:
Ինչ վերաբերում է իր և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հարաբերություններին, Սանասարյանն ասաց, որ իրենք ունեցել են աշխատանքային հարաբերություններ, և որևէ խնդիր չի եղել: «Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները պետք է ոչ մի կերպ կապ չունենան այս գործի հետ: Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ, նրան էլ կոչ կանեմ, որ այս թեմայով չխոսի»,- նշեց նա` հավելելով. «Թող չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելու, քանի որ դա դիտարկվելու է որպես ճնշում: Արթուր Վանեցյանն ասում է, որ` դատարանում կտեսնենք: Չի կարելի նման բան ասել, քանի որ գործը կարող է դատարան չգնալ»: