կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 20:30
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա

Նիկոլ Փաշինյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմաբազա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազա: Ռազմաբազայի հրամանատարությունը կառավարության ղեկավարին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնությանհետ կապերի վարչությունից: Վարչապետը եղել է ռազմաբազայի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում և այցելել ռազմաբազայի տարածքում գործող եկեղեցի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Գյումրիի քաղաքային ավտոկայան, որտեղ քաղաքային իշխանությունների և կառավարության պատասխանատուների հետ քննարկել է ավտոկայանի հետագա գործունեությանը, մասնավորապես՝ հիմնանորոգմանը և այն տրանսպորտային հանգույց դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ:

Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը:

Վարչապետն այցելել է նաև Գյումրիի քաղաքային ավտոկայանին հարակից տնակային ավան, հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները: Կառավարության ղեկավարը եղել է մի քանի տնակներում և ծանոթացել բնակիչների կենցաղային պայմաններին:

Երևան վերադառնալիս վարչապետն այցելել է նաև Մարալիկ ու հանդիպել տեղի բնակիչներին, զրուցել նրանց հետ և լսել խնդիրները: