կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 17:31
Սպորտ

Թուրքիային կասենք` եկեք 4 գոլ էլ ձեզ խփենք. Զանազանյան

Թուրքիային կասենք` եկեք 4 գոլ էլ ձեզ խփենք. Զանազանյան
Yerkir.am-ի հարցերին պատասխանում է «Արարատ 73»-ի լեգենդար ավագը` Հովհաննես Զանազանյանը:

 

- Պարո'ն Զանազանյան, ի՞նչ սպասելիքներ ունեք Իռլանդիա-Հայաստան խաղից:

- Ծանր խաղ է, սակայն վստահություն կա: Այն փաստը, որ մենք խոշոր հաշվով հաղթանակներ ենք տոնում, ցույց է տալիս, որ ուժեղ և լուրջ թիմ ունենք: Գնացել ենք հաղթելու:

 

- Ի՞նչ կարծիք ունենք մրցակցի խաղի մասին:

- Իռլանդիան ուժեղ է օդային պայքարում, բարձրահասակ խաղացողներ ունեն, սակայն ներքևում չեն կարողանում խաղալ: Մեր տղաները տեխնիկապես ավելի զարգացած են և պետք է ձգտեն գնդակը ներքևում պահել:

 

-Ի՞նչ կասեք 2 թիմերի մարզիչների մասին:

- Տրապատոնին, իհարկե, շատ  փորձառու մարզիչ է, նա պետք է օդային խաղ խաղա, նրանց զենքը դա է: Մինասյանը լուրջ մարզիչ է,  լավ է կարդում հակառակորդի խաղը: Վարդանը պետք է օգտագործի տղաների տեխնիկան և արագությունը:

 

-Ուժային ֆուտբոլ է խաղում Իռլանդիան, այս պարագայում մեր ֆուտբոլիստների ուժերը կբավականացնե՞ն հարձակողական ֆուտբոլ խաղալու համար:

- Այո, իռլանդական ոճը նման է անգլիականին` պայքար երկրորդ հարկում, երկար փոխանցումներ, որոնք ընդունելիս մեր պաշտպանները հաճախ սխալվում են: Հայկական ոճը կարելի է նմանեցնել բրազիլականին, իտալականին, մերոնք սիրում են տեխնիկա և մտածողություն ցուցադրել: Այն գործը, որը երբեմն չեն անում պաշտպանները, անում են կիսապաշտպաններն ու հարձակվողները: Պետք է մրցակցին գնդակ չտալ:

 

- Ձախողում կհամարե՞ք, եթե դուրս չգանք Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ:

- Ամոթ է ձախողում համարելը: Մեր տղաներն այնքան լավ բան են արել: Մի ժամանակ մարզադաշտը դատարկ էր լինում, իսկ հիմա լեփ-լեցուն է, ժողովուրդը հավատում է, նրանք էլ բարձրակարգ ֆուտբոլ են խաղում:

 

- Իսկ եթե դուրս գանք այս խմբից և անցումային խաղերում հանդիպենք Թուրքիայի հետ, այդ դեպքում մեզ ի՞նչ է սպասվում:

- Պետք է ասենք` եկեք մի 4 հատ էլ ձեզ խփենք: «Արարատ 73»-ում, երբ մենք խաղում էինք Բաքվի «Նեֆտչի»-ի  դեմ,  նրանցից էինք վրեժ լուծում, որքան ուզում, այնքան գոլ էինք խփում:

 

Հարցազրույցը` Անի Մեջլումյանի