Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Սումա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները՝ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին: