Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի տված հարցազրույցում արտահայտված մտքերը դուռ են բացում որոշ դիտարկումների բանակցային իրավիճակի մասին եւ դրանից բխող հայկական կողմի անելիքների մասին։
Հոգլանդն ասում է, որ այսօր սեղանի վրա գտնվող հարցի Լավրովյան նախագծի նկատմամբ որեւէ կողմ իր համաձայնությունը չի տվել, ուստի բեկումնային պահ սպասելը ճիշտ չի լինի, հակառակ որ շփման գծի ուղղությամբ կտրուկ կրճատվել են միջադեպերը։
Լավրովյան նախագիծը, ըստ Հոգլանդի, հիմնականում մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ է. Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում՝ ներառյալ Բաքվի շուրջ, կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին։ Կողմերն ուզում են, որ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա։
Այս մասը Հոգլանդի ասածների նկարագրական բաժինն է. մեկնաբանականը հիմնականում վերաբերում է ՌԴ-ին եւ ներկայացված հարցականի տեսքով, թե արդյո՞ք Մոսկվան ստատուս քվոյի փոփոխությանը համաձայն կլինի, այն նկատելով իր դերի ազդեցության չեզոքացում։
Երբ փորձենք կապակցել այստեղ հայտնված մտքերը կեզրակացնենք, որ Մոսկվան թե՛ հակամարտութեան կարգավորման նախագիծ է առաջադրում եւ թե՛ ստատուս քվոյի պահպանման հետամուտ է լինում։ Իսկ ստատուս քվոյի պահպանման համար ներառում է անժամկետ հանրաքվեի սկզբունքը, որն արժանանում է երկկողմ անհամաձայնության։
Եթե ընդունենք ամերիկացի նախկին համանախագահի առաջ քաշած հանրաքվեի մասնակիցների բաղադրության բացատրությունը, ապա կստացվի այն, որ միակողմանիորեն այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության ապահովման մասին է խոսվում։ Այստեղ անմիջապես մտաբերվում է, որ Հյուսիսային Արցախի տեղահանված ժողովրդի՝ հանրաքվեի մասնակցության անհրաժեշտության մասին հուշում չկա։
Քաղաքականորեն պարզ է դառնում հայկական կողմի բարձրաձայնած տեսակետը, որ Երեւանը իրավասու չէ բանակցելու, որովհետեվ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Հայաստանի համապետական ընտրություններին, մինչ նախապես Արցախում եւ այժմ Բաքվում ապրող ադրբեջանցիները մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ այդպիսով լիազորել Ալիեւին իրանց ներկայացնելու։ Այս մոտեցումը, շարունակելով տրամաբանությունը, պետք է հանգեցնի նոր հանրաքվե կազմակերպելու անիմաստությանը։ Եւ իհարկե Ստեփանկերտի՝ բանակցություններին միանալու անհրաժեշտության շեշտումը։ Նոր հանրաքվեի անցկացումը ընդհանրապես պետք է դուրս գա բանակցային սկզբունքներից։ Հայկական կողմի անհամաձայնությունը պիտի վերաբերի ոչ թե անժամկետ լինելուն, այլ ընդհանրապես հանրաքվե անցկացնելուն։ Պարզ այն պատճառով, որ հանրաքվե հասկացությունը արդեն ժամանակավոր կարգավիճակի մասին է խոսում, մինչդեռ կարգավիճակը արդեն հանրաքվեով որոշված կայացած կարգավիճակ է։
Տարբեր խնդիր կլինի իհարկե ադրբեջանցիների տունդարձի իրավունքը, այնպես ինչպես Հյուսիսային Արցախից տեղահանվածների։ Հայկական կողմին կատարած՝ Հոգլանդի Արցախյան հարցին քայլ առ քայլ մոտենալու հորդորը, գուցե թարգմանվի հարցի կարգավորման փուլային տարբերակի որդեգրման առաջարկով։ Փուլայինը այս դեպքում ունի անշրջելի առաջնային սկզբունք եւ դա վերաբերում է կարգավիճակին։
Իսկ կարգավիճակը՝ Արցախի Հանրապետության ընդունումն է։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր