Այսօր Բաղրամյան պողոտայում մի քանի երիտասարդներ լուսանկարներ էին փակցրել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելու պատճառով երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Դա, բնականաբար, առաջացրեց մի քանի ցուցարար երիտասարդների դժգոհությունը: Նրանք պահանջեցին այդ լուսանկարները հանել ու փակցնել այլ վայրում, միայն ոչ` Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներից մի քանիսը դա որակեցին որպես սադրանք:
Սկսվեց վիճաբանություն: Մի քանի երիտասարդներ վրդովվեցին, որ հարգանք չկա մեկը մյուսի հանդեպ, և որ չեն ցանկանում լսել մեկը մյուսին:
Կաթվածահար երթևեկության դեմ բողոքող երիտասարդներից մեկը` իրավապաշտպան Արման Ղարիբյանը, նշեց, որ արդեն մի քանի օր է, ինչ Բաղրամյան պողոտայում ոչ թե ցույց է, այլ պարապություն, ահա, թե ինչու որոշեցին կախել այդ լուսանկարները: Սակայն ցուցարարները այդպես էլ թույլ չտվեցին փակցնել դրանք: