կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 10:34
Տարածաշրջան

Իրանը կարեւորել է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցությունը

Իրանը կարեւորել է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցությունը

Արձագանքելով  նախօրեին ԵՄ հրապարակած հայտարարությանը` Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ` նշելով, որ պաշտոնական Թեհրանը բաց է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցության համար. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ողջունելով ԵՄ հայտարարության մեջ ամրագրված դրական եւ կառուցողական մոտեցումները` ԱԳՆ-ն մասնավորապես նշել է. «Երկար տարիների, հատկապես` վերջին երեք տարվա ընթացքում Իրանի եւ ԵՄ-ի գործակցության փորձը փաստում է, որ առկա են անհրաժեշտ ներուժ եւ հնարավորություններ երկողմ հարաբերությունների ընդլայման համար»:

Ողջունելով հանդերձ Իրանի հետ ԵՄ առեւտրի ֆինանսավորման հատուկ մեխանիզմի գործարկումը` ԱԳՆ-ն նշել է, որ Իրանն այդ կապակցությամբ ավելի արագացված եւ գործնական քայլեր է ակնկալում:

Անդրադառնալով ԵՄ-ի առաջ քաշած անվտանգության թեմաներին` ԱԳՆ-ն իր զարմանքն ու վրդովմունքն է հայտնել Եվրոպայի տարածքում ահաբեկչական գործողությունների պատճառով Իրանին հասցեադրված անհիմն եւ անիմաստ մեղադրանքների կապակցությամբ, այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրների տարածքում ազատորեն աշխատում են հակաիրանական ահաբեկչական խմբավորումները: Իրանի ԱԳՆ-ն շեշտել է, որ Իրանն ակնկալում է, որպեսզի ԵՄ-ն մի կողմ կթողնի երկակի չափորոշիչների կիրառումն ու խնդրին կանդրադառնա անաչառորեն:

Իրանի պաշտպանական գործունեության հետ կապված` ԱԳՆ-ն մեկ անգամ եւս նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ունի բացառապես պաշտպանական՝ կանխարգելիչ բնույթ, եւ բանակցությունների ենթակա չէ:

Տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ԱԳՆ-ն ԵՄ-ին խորհուրդ է տվել ավելի իրատեսորեն մոտենալ խնդրին եւ չտրվել տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը անվտանգության ու համագործակցությանն ընդդիմացողների սադրանքներին:

Հայտարարության վերջում ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԵՄ-ն, կատարելով իր ստանձնած բոլոր պարտավորությունները, կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: