Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը: Սպանության գործն այսքան տարի բացահայտված չէ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու մասին:
«Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները, և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, թե Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Չնայած բոլոր այս տեսագրություններն առկա են և ներկայացվել են դատարան, 12 տարի է` պետությունն այս մարդկանց չի կանգնեցրել արդարադատության առաջ։ Ում էլ որ կանգնեցրել է, չի դատապարտել ու ազատ է արձակել»,- ասել է Փայլանը` շեշտելով, որ պետությունը Դինքի սպանության համար միշտ մեղադրել է «Էրգենեքոն» խմբավորմանը կամ գյուլենականներին:
Նրա խոսքով` իրականությունն այն է, որ սպանությունը հենց պետությունն է կազմակերպել և խրախուսել, և բոլոր անձինք, որոնք առնչություն են ունեցել Դինքի սպանությանը, պետական բարձր պաշտոններ են ստացել։ «Սպանությունը քողարկողները մասնակից են դառնում այդ սպանությանը»,- ասել է Փայլանը:
Նա մեջլիսում ելույթի տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: