Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նույնպես ելույթ է ունեցել մեջլիսում:
Նա հերթական անգամ բարձրաձայնել է Դինքի սպանության գործընթացի մասին ողջ ճշմարտությունը՝ շեշտելով, որ իրենք՝ որպես Հրանտ Դինքի ընկերներ, շարունակելու են հետևել սպանության բացահայտման գործընթացին:
«Հրանտ Դինքն իր ողջ կյանքի ընթացքում աջակցել է խաղաղությանը, արդարությանն ու համատեղ ապրելու կամքին, սակայն, դժբախտաբար, ուղիղ 11 տարի առաջ պետության կազմակերպմամբ նա սպանվեց: Ուշադիր նայենք սպանության ծրագրման գործընթացին. գիտեք` նա լրագրող էր և սպանությունից մոտ 3 տարի առաջ իր թերթում հրապարակեց այն պնդումը, որ Սաբիհա Գյոքչենը՝ Աթաթուրքի որդեգիր դուստրը, հայ է: Այն, որ խոսում ենք Թուրքիայում որպես հայ ապրելու մասին… Պատկերացրեք, մեկի՝ հայ լինելը պնդելն անգամ հանցանք համարվեց գլխավոր աշխատակազմի կողմից: Կառույցի մեկ հայտարարությամբ Հրանտ Դինքը թիրախավորեց: Նրան մեղադրեցին «թուրք ինքնությունը վիրավորելու» մեջ: Իհարկե, նրանց հայտարարությունը մի շարք «պայթուցիկներ» գործի լծեց: «Էրգենեքոն» անունով հայտնի կառույցն իր հերթին թիրախավորեց Դինքին և դատարանում նեղ կացության մեջ գցեց: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հանգիստ կմնա՞ն, իհարկե՝ ոչ: Այդ ժամանակվա արդարադատության նախարարը սպանությունից անմիջապես առաջ Դինքին մեղադրեց «թիկունքից հարվածելու» մեջ: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև պատգամավոր Ջեմիլ Չիչեքը՝ հայերի նկատմամբ 100 տարի առաջ իրականացված մեծ աղետի (խմբ.-Թուրքիայի մեջլիսում պաշտոնապես արգելվել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» տերմինների կիրառումը) մասին կոնֆերանսի ժամանակ: Թերթերն իրենց հերթին թիրախավորեցին Հրանտ Դինքին, որի արդյունքում ազգային հետախուզական կազմակերպությունը սպառնաց նրան, ասացին՝ «սահմաններդ ճանաչի'ր»: Այս ընթացքում ԱԶԿ-ն իշխանություն էր, և նրա բոլոր կառույցների իմացությամբ, ծրագրմամբ, ղեկավարմամբ և հետևողականությամբ Դինքը սպանվեց: Նրան սպանեց Տրապիզոնից եկած մեկը, որին ամեն կերպ աջակցել էին: Դինքի սպանությունից հետո հարյուրհազարավոր մարդիկ գոչեցին՝ «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Մտածեցինք, որ այս սպանությունը հեղաշրջման «սովորության» շրջանակներում է: Կոչ արեցինք իշխող կուսակցությանը՝ հետևել դատին, սակայն այն ի՞նչ արեց, ոչ միայն անտեսեց մեր կոչը, այլև բոլոր պետական գործիչներին, ովքեր կասկածվում էին սպանության հետ կապեր ունենալու համար, պաշտոնի բարձրացում տվեց, նրանց նախարարներ դարձրեց, մարզպետ և հետախուզության պետեր դարձրեց: Ուղիղ 11 տարի է՝ ականատես ենք լինում սպանությունների, հեղաշրջումների, մեր ժողովուրդն է հրահրվում: 11 տարի է դատարաններում մեզ ձեռք են առնում: Գիտեմ` մի քիչ հետո կանգնելու եք ու ամբիոնից հայտարարեք, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամներն էին սպանությունն իրականացնողները: Ո՛չ, միայն նրանք չէին, դա պետության ամբողջ պատասխանատվությունն էր: Յուրաքանչյուր սպանություն, որն անպատասխան է մնում, նորերի է հանգեցնում: Չմոռանաք նաև, որ ոճրագործներին պաշտպանողները սպանության մասնակից են:
Ելույթս եզրափակեմ այսպես` 11 տարի է, որպես Հրանտի ընկերներ, արդարության պայքար ենք մղում: Մինչև մենք չասենք՝ վերջ, այս դատը չի վերջանա: Հրանտին ասում եմ՝ «Աստված հոգիդ լուսավորե. շատ ապրիս, Հրա'նտ»,- մեջլիսում ասել է Փայլանը:
Հիշեցնենք, որ մեջլիսում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար Փայլանը զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից: