կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 13:15
Հասարակություն

Օպերայի տարածքը կանաչապատելու` քաղաքապետարանի որոշումը վերջնական է. Հայկ Մարության

Օպերայի տարածքը կանաչապատելու` քաղաքապետարանի որոշումը վերջնական է. Հայկ Մարության
Տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմի հանրային հանձնառության համաձայն` օպերայի հարակից տարածքի կանաչ գոտիները կվերականգնվեն: 
 
Այսօր` Երևանի ավագանու նիստի ավարտից հետո, Մարությանը, անդրադառնալով այս թեմային, լրագրողներին ասացց, որ քաղաքապետարանը բոլոր տնտեսվարողների հետ ունի պայմանագիր, յուրաքանչյուրն իր գործունեությունը ծավալում է դրա շրջանակներում, ու պայմանագրերում առկա դրույթները քաղաքապետարանը չի խախտելու: 
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետարանը նման քայլի է դիմել, որ օպերայի տարածքից «Ջազզվե» և «Ռիչ» սրճարանները հեռացնի, Մարությանը պատասխանեց, որ իրենք նման միտում չունեն, հակառակ պարագայում` քաղաքի այլ հատվածներում գտնվող այդ սրճարանները նույնպես կապամոնտաժվեին: 
 
«Ամբողջ աշխարհում օպերայի շենքերի տարածքում նման բան գոյություն չունի: Այդ տարածքում սրճարանների մի հատվածի ապամոնտաժման գործընթացում մենք շարժվելու ենք օրենքին համապատասխան»,- ասաց քաղաքապետը: 
 
Հարցին, թե  քաղաքապետարանի որոշումը վերջնակա՞ն է, Մարությանը պատասխանեց, որ ընդհանրապես եթե որոշում են կայացնում, քննարկում են և նոր եզրահանգման գալիս: «Բնականաբար, մեր վերջնական որոշումն է: Բացի այդ` բոլոր բիզնեսմեններն էլ ունեն խնդիրներ: Ես պարտավոր չեմ բոլոր խնդրին անդրադառնալ, այլ միայն մեր հարաբերություններից, պայմանագրերից բխող հարցերը պետք է կարգավորենք»,- հավելեց նա:  
 
Հիշեցնենք, որ  օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի`  նրանց առաջարկվում է 30-օրյա ժամկետում հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից (լուսանկարներում նշված է կանաչով):