Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսեցիներն անորոշության մեջ են՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում իրենց համայնքում` կազատազրկվի՞ քաղաքապետ Առուշ Առուշանյանը, թե՞ ոչ, պաշտոնաթո՞ղ կարվի, թե՞ կպահպանի աթոռը։ Ամեն ինչ պարզ կլինի սեպտեմբերի 3-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում։ Գործը դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի գործի քննությունն անցել է 3 ատյանով, եւ դատավճիռն ուժի մեջ է մտել։ Այն 3 մասից է կազմված` տուգանք, հետաձգված պատիժ եւ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում` 5 տարի ժամկետով: Սակայն քանի որ Գորիսի ավագանին հրաժարվել է կատարել պաշտոնից ազատելու պահանջը` այն հիմնավորմամբ, որ ՏԻՄ օրենքով եւ Սահմանադրությամբ՝ գործող համայնքապետին պաշտոնից զրկելու նման դրույթ չկա, ուստի ԱՆ Պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հայցով։ Մենք գրել էինք, որ իշխանությունը վճռական է տրամադրված Սյունիքը երբեմնի ըմբոստ համայնքապետերից ազատելու հարցում։ Չնայած այս համայնքապետերն էլ առաջվա ըմբոստները չեն, բայց առջեւում ընտրություններ են, եւ նրանց չեն վստահում: Տարբեր միջոցներ են գործադրվում ոչ միայն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, այլեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին պաշտոնանկ անելու համար։
Առուշ Առուշանյանի ճակատագիրը, փաստորեն, կախված է դատավոր Վարսենիկ Մելքոնյանի օբյեկտիվությունից եւ բարեխղճությունից։ Ո՞վ է Վարսենիկ Մելքոնյանը։ «Հրապարակ»-ը պարզեց, որ նա մոտ մեկ տարի առաջ է տեղափոխվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Մելքոնյանը մինչ այդ եղել է դատավորների ռեզերվում։ Նա Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով ռեզերվային կարգավիճակ ստացած 14 դատավորների թվում էր եւ սպասում էր դատական համակարգ վերադառնալու իր հերթին։ Մելքոնյանը 2021-ին ստեղծված հատուկ դատարանի` կալանք տվող դատարանի կազմում է գործել, ապա այդ դատարանը, որպես ավելորդ օղակ, 2023-ի սկզբին վերացվեց, եւ առանձին գործեր քննող կամ` «կալանքի դատավորները» մնացին անգործ` ռեզերվում։ Այսինքն՝ Վարսենիկ Մելքոնյանը դատավոր դառնալուց ընդամենը մեկ տարի անց դարձավ գործազուրկ եւ ստիպված էր սպասել, որ համակարգում համապատասխան տեղ բացվի։
Նոր օրենքով՝ մի քանի դեպքում կարող է դատավորը ստանալ ռեզերվային կարգավիճակ, երբ դատավորի նկատմամբ կա հարուցված քրեական հետապնդում, որը մեկ ամսից ավելի է տեւում, կամ երբ կրճատվում է դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորների թիվը, կամ վերացվում է դատարանը: Այդ դեպքում նշված դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելավճարներ ստանալու, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը լիովին պահպանվում են, մինչեւ Սահմանադրությամբ սահմանված՝ դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը:
Պարզ է, որ այս պարագայում ոչ թե դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այլ դատարանն է վերացվել: Այսինքն՝ Վարսենիկ Մելքոնյանը դատական համակարգում ընդամենը մի քանի տարվա փորձառություն ունի։ 2015 թվականից մինչեւ 2021 թվականը նա աշխատել է որպես քննիչ։ 2021-ին նախագահի հրամանով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` որպես առանձին գործեր քննող դատավոր, հետո հայտնվել է ռեզերվում, ապա 2023-ին նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վարկանիշավորված դատավորների ցանկում Վարսենիկ Մելքոնյանն ունի 0 միավոր։