Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անդրադարձավ նախարարությունների օպտիմալացմանը և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխությանը: Նա նշեց, որ աշխատում են նախարարության անվան մեջ` բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության գծով նախարարություն, չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս:
Նրա խոսքով` նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնել, իսկ թե այն ինչպես կօգտագործվի, դա արդեն հարցի երկրորդ կողմն է:
«Այսպիսով` մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է Հայաստանում մտքի արտադրանքը առևտրայնացնելով, դրանք համակարգեր դարձնելով և դրսում վաճառք ապահովելով, այսինքն` և՛ պատվերներ բերելով, և՛ պատվերներ իրականացնելով: Ռազմարդյունաբերությունը բարձր տեխնոլոգիաների նախարարության աշխատանքի մի ճյուղը կդառնա»,-ասաց Արշակյանը:
Հարցին, թե շարունակելո՞ւ է պաշտոնավարել, նա պատասխանեց` այո: