կարևոր
4249 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 15:47
Իրավական

Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ

Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող (այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող) 14 դատավորներ դադարել են պաշտոնավարել: Այս մասին հայտնում է ՀՀ ԲԴԽ-ն։

Նրանցից  Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն, եթե նրանց հաջողվի հաղթահարել  նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:

Մյուս 12 դատավորներն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելուց հետո կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցելով հատուկ կարգով որակավորման ստուգմանը:

Հավելենք, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները քննարկվել և մշակվել են դեռևս 2022 թվականի դեկտեմբերին՝ Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովների ընթացքում՝ ՀՀ-ում գործող ավելի քան 250 դատավորների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: