Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դժվար է ասել, որ Արցախի հարցի հետ կապված 2018 թվականին որևէ արտառոց բան կատարվեց։ Ըստ էության էական քայլեր չկատարվեցին հարցի վերջնական լուծումն ապահովելու տեսանկյունից։ Ամեն դեպքում 2018 թվականին Արցախը փորձեց մեկ քայլ ևս կատարել պետականությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու տեսանկյունից, ծավալուն աշխատանքներ կատարվեցին սահմանային գոտու ամրապնդման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2018 թվականը նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը։
Անդրադառնալով 2019 թվականին Արցախի հարցի հետ կապված սպասումներին՝ Վ. Բալայանն ասաց, որ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում դժվար է կանխատեսել, թե Արցախի հարցում ինչ զարգացումներ կլինեն։
«Կարծում եմ՝ հեշտ չի լինելու, քանի որ Ադրբեջանը վերջին ամիսներին փափուկ քաղաքականությունից անցում կատարեց ավելի կոշտ դիրքորոշման։ Քանի որ ՀՀ-ում ձևավորվել է նոր իշխանություն, նրա առջև կդրվեն նոր պահանջներ, որոնք, իհարկե, անկարելի կլինի կատարել, իսկ այդ պահանջն այն է, որը միշտ ասում է Ադրբեջանը՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին։
Ըստ իս, հայության համար այսօր Արցախը դարձել է պատվի, արժանապատվության հարց, նաև՝ 21-րդ դարում հայկական պետականություն ունենալու և պահպանելու առանցքը։ Այս տեսանկյունից՝ հայ ժողովուրդն իր ուժերը կհամախմբի, որպեսզի ազգի համար կարևորագույն խնդիրը լուծի, քանի որ այստեղ միայն Արցախի հարցը չէ։
Չհաջողելով Արցախի հարցում՝ անհնարին կլինի այս դարում ունենալ կենսունակ Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ՝ այս գիտակցությունը կա ՀՀ քաղաքացիների մեծամասնության մեջ, ինչը մեզ համախմբող ուժ կդառնա դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք 2019 թվականին պետք է լինեն»,- շեշտեց Վահրամ Բալայանը։
Զրույցի ավարտին Վ. Բալայանը Ամանորի առթիվ համայն հայությանը մաղթեց խաղաղություն և միասնականություն.
«Ցավոք, մենք թվաքանակով փոքր ժողովուրդ ենք, և մեզ համար անհնարին խնդիր չի լինի, եթե միասնական լինենք։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում լինի բարեկեցություն և իղձերի իրականացում»։
Զվարթ Խաչատրյան