կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 11:04
Առանց Կատեգորիա

Ընտրությունները հետևում են, իսկ ապագան՝ առջևում

Ընտրությունները հետևում են, իսկ ապագան՝ առջևում

Եվ այսպես` ընտրությունները հետևում են, իսկ ապագան՝ առջևում:

Պարտվեցինք այս ընտրություններում, դա փաստ է՝ տհաճ իրականություն, բայց ոչ` աշխարհի վերջն ու կյանքի ավարտը:

128 տարիների ընթացքում մենք բազում հաղթանակների՝ ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ինչպես նաև պարտությունների՝ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ականատեսն ենք եղել: Հատուկ եմ ընդգծում մակընթացություններն ու տեղատվությունները, քանի որ դրանք կյանքի ընթացքի անբաժան բաղադրիչներն են: Չկան հավերժ հաղթանակներ կամ էլ պարտություններ: Յուրաքանչյուր մակընթացության հետևում է տեղատվություն, իսկ դրան էլ՝ անպայման մակընթացություն:

Պարտությունն, անխոս, ցավալի ու դառն է, բայց, միևնույն ժամանակ, սթափեցնող, պարտավորեցնող և պայքարի ու կյանքի կոչող: Այնպես որ` պետք է թոթափել ընկճախտն ու առաջ շարժվել: Բացվել է նոր օր` նոր մարտահրավերներով, իսկ մենք` մեր տեսակով, կոչված ենք հենց այդ մարտահրավերները հաղթահարելու: Դա մեր պարտքն է, պարտքը` մեր Հայրենիքի և ժողովրդի առջև և այս պարագայում նաև այն 3.89 տոկոսի, որոնք վստահեցին մեզ: Մենք մեզ և մեր ընտրողներին հուսախաբ անել չենք կարող: Ուրեմն նոր ավյունով, նոր ոգով և անցյալի սխալներից անհրաժեշտ հետևություններ անելով՝ շարժվենք առաջ: Մենք ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ենք:

Հ.Գ.-1. Էյֆորիայի, ամբոխավորության հեղձուցիչ պայմաններում մենք արեցինք հնարավորն ու անհնարինը մեր խոսքը, պատգամը, մտահոգությունները տեղ հասցնելու համար: Դրանք չընկալվեցին, ու դա ինչ-որ տեղ բնական էր: Նման պայմաններում խլանում են ականջները, կորչում է սառը դատողությունը, մարում է տրամաբանությունը: Իսկ քո խոսքն ինչքան էլ ճիշտ ու արդար, միևնույն է, տեղ չի հասնում: Ջրերը կհոսեն, կրքերը կհանդարտվեն, ու ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Եվ երբ անջատված ուղեղները կրկին միանան, մթագնած գիտակցությունները լուսավորվեն և խլացած ականջները լսեն, վրա կհասնեն մեր ժամանակները: Ես դրանում չեմ կասկածում, վստահ եմ:

Հ.Գ.-2- Արժանին պետք է մատուցել Հայաստանի մեր ընկերներին. վարձքներդ կատար, սիրելինե'ր: Դուք արեցիք ձեզանից կախված ամեն ինչ: Չստացվեց, ոչինչ, կարևորը ձեր կամքն էր, վճռականությունն ու նվիրվածությունը: Ապրե՛ք:

Արամ Շահնազարյան

Թեհրան, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր