կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 12:15
Հասարակություն

Ախալքալաքում կկառուցվի Ամենայն Սրբոց եկեղեցի

Ախալքալաքում կկառուցվի Ամենայն Սրբոց եկեղեցի

Ախալքալաքում օծվել է նոր եկեղեցու հիմք, որը կառուցվելու է Ախալքալաքի նախկին հիվանդանոցի տարածքում՝ մարզահամալիրի մոտ: Եկեղեցին կոչվելու է Ամենայն Սրբոց եկեղեցի: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge-ից: 

Օծման կարգը կատարել են Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ-եպիսկոպոս Նիկոլոզը, Ախալցիխեի Տաո-Կլարջեթիի և Լազեթիի միտրոպոլիտ-եպիսկոպոս Թեոդորը: Օծման կարգին ներկա են եղել Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հայ եկեղեցու այլ հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարներ ու այլ հյուրեր և հավատացյալներ:

Եկեղեցու կառուցատեղը տրամադրվել էր 2017 թ. նոյեմբերի 22-ին:

Հավաքվածներին ողջունել է Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ-եպիսկոպոս Նիկոլոզը և ցուցադրել, թե ինչպիսի տեսք կունենա ապագա եկեղեցին: «Դա կլինի 12 նիստանոց եկեղեցի, այնպիսին, ինչպիսին XX դարում ժամանակակից Թուրքիայի տարածքում է եղել, ու այն կոչվում էր Սուրբ Գևորգ եկեղեցի, և մենք որոշեցինք կառուցել դրա նմանը, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը», - ասել է նա:

Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը շնորհավորել և մաղթել է ամենայն բարին բոլորին և Վրաստանին:

«Միտրոպոլիտ Նիկոլոզը շատ հետաքրքիր անձնավորություն է, նա բարի և հիանալի մտադրություն ուներ: Նա ցանկանում է, որ մարդիկ միավորվեն եկեղեցու շուրջ: Նա վաղուց գաղափար ուներ Ախալքալաքում կառուցել եկեղեցի, որտեղ լինեն տարբեր եկեղեցիների Սրբերի մասունքները: Եվ որ տաճարը բոլորի համար լինի՝ հայերի, կաթոլիկների և վրացիների և լինի խաղաղության խորհրդանիշ: Այդ նպատակով նա հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ով խոստացել է հնարավորության դեպքում Մայր Աթոռից փոխանցել Գրիգոր Լուսավորչի, Սբ. Գայանեի, Սբ. Հռիփսիմեի մասունքները, քանի որ այս սրբերը Վրաց Ուղղափառ կեղեցում տոնելի սրբեր են», – ասել է եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուրում