Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՆԱՐՄԱՏ ԾԻԼԵՐ
(նովել)
Հոգնած ու սոված տուն մտավ Արմոն: Ջանք չգործադրեց ժպտալու: Առիթ էլ չկար: Կարելի էր ստեղծել, բայց չարեց: Ինչևէ, նրա անժպիտ դեմքն այդ երեկո դավադրություն չէր կնոջ, ընտանիքի ու սրբությունների հանդեպ, պարզապես սոված էր ու հոգնած, ավելի շատ հոգնած, քան սոված: Իսկ թե ինչո՞ւ հենց այդ օրը` այդքան շուտ, ամսվա ուղիղ կեսին լցվեց հոգնության գավաթը, հարց է: Անպատասխան հարց: Հազար ու մի պատասխան ունեցող հարց: Ինքը` Արմոն, ոչինչ չէր ծրագրել այդ օրվա համար, բայց կյանքն իր ծրագրերն ունի և դրանք կյանքի կոչելիս հարցեր չի տալիս, պատասխաններ չի լսում, սովորաբար պատժում է, մեկ-մեկ` ներում, հազարից մեկ փարվում է, հաճախ` ապտակում, կատաղածի զայրույթն է ավելացնում, հուզվածի` արցունքը, հավատավորի հույսն է բազմապատկում, անհավատի` վհատությունը…
Ինքը թույլ տղամարդ չէ, բայցեւ հրաշալի գիտի, թե ինչ խեղդող է, երբ լաց լինելու ցանկությունն ամենուր ուղեկցում է քեզ: Ինքն իրենից դժգոհ էր, բայց ուզում էր մյուսներին ուրախ եւ անհոգ տեսնել: Այդպես չի լինում: Փոխադարձ է, պիտի ժպտաս, որ ժպտան: “Ակն ընդ ական”-ից է գալիս հարազատների այս հաշվեհարդարը, գալիս, գալիս ու չի հասնում վերջնակետի, որ հասկանաս, հիմա նրանք` հարազատները, մարդուն թևե՞ր են տալիս, թե՞ կտրում են թևերը, նրանք ապրեցնո՞ւմ են, թե՞ սպանում և, վերջապես, նրանք` այդ հարազատները, քեզ սիրո՞ւմ են, թե՞ չեն սիրում: Հա, մեկ էլ` մարդուն սիրելով կործանելն ո՞ւմ ծրագիրն է` սիրո Աստծո՞, ով ամեն ինչ արեց իրար սիրող երկու մարդու միասին լինելու համար, թե՞ ատելության անաստվածն է մեղավոր, ով ոչինչ չխնայեց, որ այդ երկուսն այսքան հեռանան իրենց պատկերացումների սիրուց ու երջանկությունից:
Էլ ո՞նց ժպտաս, երբ օդ չկա շնչելու, խեղդվողը չի կարող ժպտալ, մանավանդ եթե զգում է իր խեղդվելը, մահը չզգալն էլ բախտավորություն է, ու նրանք, ովքեր քնի մեջ են մեռնում, թերևս վախ չեն ունենում` չլինի՞ մահն է այցելել… Չէ, դժվար, այսպես աղմուկով չէր գա, անցավ կգար ու կտաներ միանգամից: Ե՞րբ կգար, ո՞ւր կտաներ` հայտնի չի: Հենց այդպես էլ հորը տարավ` լուռ, առանց ցավի, բայցև անխնա: Տարավ ու իրեն թողեց մենակ, անխրատ, անտեր: Հայրն ասում էր, թե մարդ պիտի այնպես ապրի, որ զավակները հպարտ լինեն իրենով: Լսեց, անցավ, ասես դա իրեն չէր վերաբերվում, կարծես դա իրեն չէր սպառնում` կյանքը խաղի պես էր, զավակները` տիկնիկների… Ու հիմա ահա եկել է հոր խոսքերը հասկանալու եւ սեփական անզորությունից լլկվելու ժամանակը…
Հայրը կասեր` ապրիր, դիմադրիր, օրինակ վերցրու այս ծաղկից, որ ասֆալտի ճաքած հատվածում է բուսնել: Հա, օրինակը վերցրել եմ, ծլել, ծաղկել: Ու հետոն անհայտ է, ինչպես որ անհայտ է այդ ծաղկի վաղվա օրը: Եվ ընդհանրապես, ծաղիկ լինելն արդեն տխուր է, մանավանդ, եթե ծլել ես ասֆալտի ճաքած հատվածում, ու դու մեղավոր չես, դու չես որոշել ծաղիկ լինել, ոչ էլ` թե որտեղ ծլել: Դու պարզապես դիմադրում ես: Դու կուզեիր ընկուզենի լինել, բայց ծաղիկ ես` անարմատ մի ծիլ, անխնամ, մենակ, դիմադրող, այսօրդ` անորոշ, վաղվա օրդ` անհայտ, ապագադ` քաջ հայտնի…
-Սովա՞ծ ես,- հարցրեց կինը:
-Չէ',- պատասխանեց Արմոն:
-Որտե՞ղ ես ճաշել,- վիրավորված, բայցև արհամարհող տոնով հարցրեց կինը:
Արմոն նոր ու անպատասխան հարցեր լսելու ուժ չուներ եւ դուրս եկավ տնից, մտավ բակի խանութը, առանց բարևի ծխախոտ ուզեց վաճառողից, վառեց եւ Արմո-ծխախոտ փոխհարաբերությունից ներդաշնակություն զգաց: Ցուրտ չէր, օդն էլ մաքուր էր, կարևորը մութ էր` դեմքի արտահայտությունը չէր երևում:
Գնաց, գնաց ու թեքվեց դեպի մի լուսավոր սրահ: Այնտեղ հավաքվածները խաղադրույքներ էին արել ու սպասում էին ֆուտբոլային հանդիպմանը: Հույսի մի ծիլ կյանք առավ Արմոյի ասֆալտացած սրտի ճաքած հատվածներում, ծաղկեց ու չդիմացավ նույնիսկ երկու խաղակես… Բայց հոգ չէ, հույսի ծիլերն ամենուր են, եւ սնկերի թե մոլախոտերի պես տարածվում են: “Սա նաև իմ մոլորակն է, իմ ժամանակն է, ու ես մոլորակին ու ժամանակին այսօր պետք եմ հենց այսպես` դատարկ գլխով ու գրպաններով”,- ինքն իրեն համոզում էր Արմոն: Նոր հույսերի օրն արդեն սկսվել էր, երբ որոշեց տուն գնալ: Նա զգույշ բացում էր դուռը, եւ հարազատներին քնած տեսնելու հույսը շոյում էր նրան…