կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-08 14:00
Քաղաքական

Նովոյի որդին և Տույի քույրը չեն լինի ՔՊ-ի ռեյտինգային ցուցակում. Արայիկ Հարությունյան

Նովոյի որդին և Տույի քույրը չեն լինի ՔՊ-ի ռեյտինգային ցուցակում. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարարի պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը չի հաստատում այն տեղեկությունները, թե Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին և քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի քույրը լինելու են ՔՊ-ի ռեյտինգային ցուցակում:

Դիտարկմանը` մամուլում տեղեկություն կա, որ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին առաջադրվելու է ՔՊ-ի կողմից` որպես ռեյտինգային թեկնածու, նա արձագանքեց. «Նահապետ Գևորգյանն ո՞վ է, ես նման տեղեկություն չունեմ»:

Ինչ վերաբերում է Տույի քրոջ մասին տեղեկատվությանը, Հարությունյանը պատասխանեց. «Անցած անգամ ասացի՝ երբ դուք մեր ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա, վստահ եմ»:

Հարցին`  ՔՊ-ն հույս դնո՞ւմ է քրեական հեղինակությունների վրա, նա պատասխանեց, որ, ըստ էության, համապետական ընտրությանը հավասար ընտրություն Երևան քաղաքում անցկացվել է: «Որևէ նման երևույթ տեսե՞լ եք: Վստահաբար, այստեղ էլ չեք տեսնի»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ վերջնական ցուցակը դեռ պատրաստ չէ, քննարկումները շարունակվում են: «Այն սկզբունքները, որոնք դրված են ցուցակի հիմքում, այն են, որ մարդիկ պետք է ունենան որոշակի քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, Ազգային ժողովում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները կիրառելու կարողություն»,- ասաց Հարությունյանը: