Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Ձեր ելույթներում կարևորել եք Հայաստան-Իրան հարաբերությունների այնպիսի զարգացմանը, որոնք զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի տնտեսական նիստում կարևորվել են Իրան-ԵԱՏՄ հարաբերությունները, և այս համատեսքտում ուզում եմ մեջբերել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունը Իրանի վերաբերյալ: Նա ասել էր. «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է, մտադիր ենք ողջ ուժով կիրառել պատժամիջոցներ, բայց չենք ուզում վնաս հասցնել մեր գործընկերներին, ուստի կարծում եմ, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի»: Հայաստանում Բոլթոնն ասել է, որ եթե մենք ցանկանում ենք, որը ԱՄՆ-ը մնա մեզ բարեկամ, պետք է սահմանափակենք հարաբերություններն Իրանի հետ»,- ասաց պատգամավորը և հարցրեց` ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարություններին: «Արդյո՞ք Ձեր և Բոլթոնի հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Իրան հարաբերությունների փոփոխության հարց: Դա որևէ կերպ կապ կունենա՞ Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների ավելացման հետ և ինչպիսի՞ կապ»,- հետաքրքրվեց Կյուրեղյանը:
Վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ինքը չի մեկնաբանել այդ պաշտոնյաների հայտարարությունները, քանի որ ոչ ոք չի հարցրել: «Այնպիսի տպավորություն է` երբ մի օտարերկրյա պաշտոնյա մի հայտարարություն է անում, բոլորն այդ հայտարարությունը սկսում են քննարկել և հետևություններ անել, Հայաստանի կառավարությանը վերագրել դիրքորոշումներ, որոշումներ, խոստումներ: Ինչքան հիշում եմ, նույնիսկ մամուլի քարտուղարից ոչ ոք չի հարցել` այս հայտարարությունների մասին ի՞նչ եք մտածում: Բոլորն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային ու պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի, պատկերացումների հետ: «Հայաստանի կառավարությունը հենվել, հենվում և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկը չկասկածի, որ մենք հարյուր տոկոսով մեր գործողությունները թե' ԱՄՆ-ի, թե' Իրանի, թե' ՌԴ-ի հետ հարաբերություններում կառուցում ենք` Հայաստանի շահերից ելնելով: Այնպես որ` ես բոլորին կոչ եմ անում որևէ հայտարարություն չվերագրել ՀՀ կառավարությանը, եթե այդ հայտարարության հեղինակը կառավարությունը չէ»,- ասաց նա և հավելեց, որ իր այն հայտարարությունը, որ առանձնահատուկ հարաբերություններ ունենք Վրաստանի և Իրանի հետ, և որ այդ հարաբերությունները պետք է վեր լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, վերահաստատում է, նաև իր այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել է Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ` ՀՀ դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, հասկանալի, նաև ընդունելի»,- հավելեց Փաշինյանը:
Կյուրեղյանն արձագանքեց, որ հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարարը միացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությանը, որ հակամարտությունների լուծման հարցում պետք է ուշադրություն դարձնել սահմանների ամբողջականության, ինչպես նաև այլ սկզբունքների վրա, և որտեղ խոսք չի եղել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: «Իրանի ԱԳ նախարարի` այս հայտարարությանը միանալը արդյո՞ք չեք դիտում որպես յուրահատուկ պատասխան Ջոն Բոլթոնի ելույթին կառավարության կողմից ոչ մի կերպ չանդրադառնալուն»,- հարցրեց նա:
Փաշինյանը պատասխանեց, որ այդպես մեկնաբանելն առնվազն լուրջ չէ: «Կան պրոցեսներ, որոնք ո'չ այսօր են սկսվել, ո'չ` երեկ, ո'չ` երեկ չէ առաջին օրը: Դա ես ասում եմ որպես մարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանական կազմում եղել է Իրանում և քննարկումներ ունեցել տարբեր մակարդակներում: Այստեղ էլ պատասխանը նույնն է, որ մենք, այո, հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացնումներին, շահերին և հույս ունենք, որ նրանք նույն կերպ կվերաբերվեն մեր պատկերացումներին ու շահերին: Եվ այն պարագաներում, երբ պարզվի, որ այդպես չէ, մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»,- եզրափակեց նա: