Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Շանթ Հարությունյանի որդու երեկվա հայտարարություններին: Եղոյանը մասնավորապես նշել էր, որ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Շահեն Հարությունյանն իր հերթին իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է վարչապետի խոսնակին.
«Ի պատասխան վարչապետի խոսնակի ամբոխավար պատասխանին՝ կապված իմ հայտարարությունների հետ:
Սկզբից նշեմ, որ ինքս հայտարարել եմ, որ՝
1. Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց:
2. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ:
3. Շանթ Հարությունյանին առաջարկվել է ստորագրել և փոխել կալանքի կրման՝ պատժի կրման ձևը:
Ըստ էության, վարչապետի խոսնակն այս իրողություններն այնպես է ներկայացրել՝ իբրև թե դրանց մասին ես չեմ բարձրաձայնել և դրանք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած քայլերը, որից հրաժարվել է Շանթ Հարությունյանը և մենք կեղծելով իրողությունը՝ փորձում ենք վատաբանել Նիկոլ Փաշինյանին:
Օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, այնպես են ներկայացնում իրենց առաջարկը, իբրև Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատաություն է շնորհել:
Պարզաբանեմ. Շանթ Հարությունյանին Վարդաշեն ՔԿՀ պետը առաջարկել է դուրս գալ բաց ռեժիմ, որի հնարավորությունը Շանթ Հարությունյանն ունեցել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույնպես: Բաց ռեժիմ հասկացողությունը իրենից ենթադրում է, որ կալանավորը յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան 8-ին դուրս գա բանտից և երեկոյան 8-ին վերադառնա բանտ և մնա հատուկ կալանավորների պահման վայրում, իսկ շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես մնա բանտում: Բաց ռեժիմը համարվում է կալանքի տեսակ: Բաց ռեժիմ դուրս գալը չի նշանակում ազատվել պատժից: Դա նշանակում է պարզապես մեղմացնել պատիժի կրման ձևը: Եվ եթե նշված ժամից, կալանավորը ուշանա, իր վրա դա կնշվի որպես իրավախախտում և կրկին կալանավորին կտեղափոխեն փակ ռեժիմ:
Սա է ամբողջ իրողությունը, թե ինչ են առաջարկել Շանթ Հարությունյանին:
Այստեղ հարցը բարոյականության և տրամաբանության մեջ է: Առհասարակ յուրաքանչյուր ադեկվատ և բարոյական հասարակություններում՝ հեղափոխությունից հետո, քաղբանտարկյալներին չեն ներում, չեն մեղմացնում պատիժի կրման ձևը: Քաղբանտարկյալներին արդարացնում են և ազատ արձակում: Եվ ոչ միայն քաղբանտարկյալներին արդարացնում են, այլ նաև համաներում են իրականացնում բոլոր կալանավորների նկատմամբ՝ որպես սիրո և համերաշխության դրսևորում:
Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում:
Սկզբունքայնությունը, արժանապատվությունը, բարոյականությունը դրանք լոկ խոսքեր չե՛ն: Դրանք արժեքեր են, որոնք դրսևորվում են մարդկանց ապրելաձևի շնորհիվ:
Շանթ Հարությունյանը չի պատրաստվոմ ներման դիմում գրել կամ մեղմացնել իր պատիժի կրման ձևը միայն նրա համար, որ դուրս է եկել Հայաստանը քանդող և ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ: Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, միայն նրա համար որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Շանթ Հարությունյանը սկիզբ է դրել ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ մեր երկրում:
Անադեկվատ մոտեցում Շանթի հարցով: Չեմ հասկանում ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն: Սա անհասկանալի է...
Հ.Գ. Իսկ երբ ինձ անթիվ-անհամար մեղադրանքներն են հնչում՝ թե որտեղ էի ես Սերժի իշխանության օրոք և ինչի չէի պայքարում, ասեմ. ես ոստիկանություններում և դատարաններում էի, հիվանդանոցներում և հրապարակներում էի: Քնում էի փողոցում, զարթնում ազատ, անկախ Հայաստանի համար պայքարի մոլուցքով:
Իսկ դուք որտե՞ղ էիք...
Հ.Գ.2 Ձեր անկախ դատական համակարգը թո՛ղ Շանթ Հարությունյանին պահի բանտում և զրկի իր քաղաքական գործունեությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ և տա՛ հնարավորություն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սա է Ձեր դատական համակարգի իրական դեմքը, որին չի ցանկանում խառնվել Ձեր սիրելի վարչապետը: