Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ 5 տարի անազատության մեջ գտնվող` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը պահանջում է, որպեսզի իրեն արդարացնեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, նշեց, որ իր հայրը, բացի արդարացման դատավճռից, դեմ է այլ եղանակներով, այդ թվում՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջոցով ազատվելուն: Շահեն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ կալանավորների համար ընդհանուր համաներում պետք է լինի, իսկ քաղբանտարկյալների հանդեպ` արդարացման որոշում։ «Տրամաբանական կլինի, երբ քաղբանտարկյալ համարվող անձին ոչ թե համաներմամբ կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն, այլ արդարացնեն»,- նշեց նա:
Հարցին` արդյո՞ք Հարությունյանը դիմել է արդարադատության նախարարություն, միջնորդել` վերանայել իր գործը, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է դիմենք կառավարությանը կամ այլ մարմնի, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից առաջ հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Հիմա, երբ նա եկել է իշխանության, որևէ մեկից սպասում է, որ իրեն դիմեն, նո՞ր սկսի պայքարել կոռուպցիայի դեմ, արդարության համար: Իհարկե` ոչ, նա ինքն իր նախաձեռնությամբ է պայքարում այդ արատավոր երևույթների դեմ։ Իսկ ինչո՞ւ նա նույն մոտեցումը չունի քաղբանտարկյալների մասով, բարդ է ասել։ Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ապա նրան պետք է ազատ արձակել»:
Մասնագետները կարծիք են հայտնում, որ Հարությունյանի դեպքում կարող է կիրառվել ԵԽԽՎ բանաձևը: Խոսքը քաղբանտարկյալներին վերաբերող` ԵԽԽՎ-ի 1900 բանաձևի մասին է, որում նշվում է, որ ԵԽԽՎ ցանկացած երկրում եթե կան անձինք, ովքեր զրկված են ազատությունից հինգ բնորոշիչ հանգամանքներով, օրինակ՝ ենթարկվել է մյուսների համեմատ խիստ պատժի կամ նրա ազատազրկումը կապված է եղել քաղաքական գործունեության հետ, ցանկացած փուլում նրանց գործերը կարող են վերանայվել։ Եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի, որ Շանթ Հարությունյանն ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով, նա ազատ կարձակի: Ի դեպ, հայաստանյան իրավական համակարգում նման նախադեպ դեռ չի եղել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է 2013թ.ի նոյեմբերի 8-ին` նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` 2014թ. հոկտեմբերի 17-ի դատավճռով` Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
2015թ. սեպտեմբերին Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ներպետական ատյաններում արդարադատության հասնելու հնարավորությունները սպառելով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: