կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 22:30
Հասարակություն

Արտակարգ իրավիճակ Սիլիկյան թաղամասում. հայր եւ որդի Մարտիրոսյանները հարձակվել են 15-ամյա տղայի վրա, ջարդոնի վերածել ավտոմեքենան

Արտակարգ իրավիճակ Սիլիկյան թաղամասում. հայր եւ որդի Մարտիրոսյանները հարձակվել են 15-ամյա տղայի վրա, ջարդոնի վերածել ավտոմեքենան

Այսօր` հուլիսի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակչուհի, 50-ամյա Մարինա Ավետիսյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում Կառլեն, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր 15-ամյա տղային, որից հետո չարամտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, որից հետո հայհոյանքներ տալով` երկաթյա և փայտյա մահակներով դիտավորությամբ ամբողջովին վնասել են իրենց պատկանող ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

15-ամյա Էրիկ Մելքոնյանը վնասվածքներ է ստացել, իսկ ջարդարարները մետաղե ջարդոնի են վերածել ավտոմեքենան: Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի բակում են հավաքվել Սիլիկյան թաղամասի մեծ թվով բնակիչներ, ովքեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնից պահանջում են անաչառ և օբյեկտիվ քննություն, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնից պահանջում են թաղամասի բնակիչների անվտանգության ապահովում: Մաշտոցի ոստիկանության մոտ հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին. « էս ո՞ր թիվն ա, որ ընտանիքի անդամներով «Լինչի դատաստան» տեսնեն անչափահասի նկատմամբ, թրքաբարո հարձակվեն մատղաշ երեխու վրա, վերջում էլ երկաթյա և փայտյա ձողերով մեքենան ջարդոնի վերածեն: Արդեն բոլորիս համբերության բաժակը լցվել է, կրակն ընկանք, որ բիզնես ունեն ու իրենց հույսը դրել են փողի վրա ու ամեն անգամ իրենց սադիստական արարքներից հետո անպատիժ են մնում: Եթե այս անգամ իրենց կատարած անմարդկային արարքիների համար պատասխանատվության չենթարկվեն այսպես կոչված հայր և որդի Մարտիրոսյանները` ապա ողջ թաղամասով գնալու ենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դուռը: Վստահ ենք, որ միայն իրենք կարող են դադարեցնել այդ սուտ գործարարների լկտի պահվածքը»:

Shamshyan.com-ի տեղեկություններով` այդ քաղաքացիներն են Սիլիկյան թաղամասի բնակիչներ` 71-ամյա Կառլեն Հրանտի Մարտիրոսյանը, 39-ամյա Հրանտ Կառլենի Մարտիրոսյանը, 44-ամյա Հրաչ Կառլենի Մարիտրոսյանը և 43-ամյա Աշոտ Կառլենի Մարտիրոսյանը, ում հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը կատարում է անհրաժեշտ գործողություններ:

Մանրամասները` այստեղ: