կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-13 16:30
Իրավական

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան անհապաղ ազատ արձակեց դատարանի դահլիճից:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ դատարանն արձանագրել է, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է և չի կարող կալանավորվել:

«Իր պաշտոնավարումից հետո նախագահը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե կատարած գործողությունները բխել են իր կարգավիճակից»,-նշեց Ռուբեն Սահակյանը:

Ինչպես դատարանից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է դատարանի հետնամուտքից: Մեր հարցին, թե ինչպես է Քոչարյանն ընդունել ազատ արձակելու որոշումը՝ Ռուբեն Սահակյանը պատասխանեց, թե՝ շատ հանգիստ: Նշենք, սակայն, որ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը դեռևս չի դադարեցվել, նա Մարտի մեկի գործով մեղադրյալի կարգավիճակում է:

Հիշեցնենք, որ երկու օր շարունակ` օգոստոսի 9-ին և 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքն ու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների ներկայացրած միջնորդությունը: Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է:

Նշենք, որ ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններում հստակ ամրագրված է Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը: Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 3-րդ կետով էլ սահմանված է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո: