կարևոր
1381 դիտում, 2 օր առաջ - 2025-02-18 16:23
Հասարակություն

Դատարանի դահլիճից ազատ արձակված Տիրան Խաչատրյանին դիմավորեցին ծափահարություններով

Դատարանն այսօր վերացրեց Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը և համակցված  խափանման միջոց ընտրեց գրավը՝ սահմանելով 10 մլն դրամ և բացակայելու արգելքը։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր ընթանում էր գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ժամանակ փաստաբանները միջնորդեցին դատարանին՝ փոխելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը։ 

Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի մասը։ Միջնորդության մեջ նշված էր նաև, որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։

Պաշտպանը նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո ընդամենը 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան, մինչդեռ դատարանի որոշման հիմքերում նշվում էր նաև, թե ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, և այս փուլում հնարավոր է՝ Տիրան Խաչատրյանը վկաների կամ գործի այլ մասնակիցների վրա ազդեցություն ունենա։

 Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է նրանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ 2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։