Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն չորրորդ տարին, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված երիտասարդների միջազգային օրվան։ Այս տարի նույնպես, օգոստոսի 11-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի և «ArmEvents»-ի հետ համատեղ հանդես եկավ մեծամասշտաբ հանրային միջոցառումներով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը միջոցառումները մեկնարկեցին քայլերթով և հեծանվաերթով, որի սկիզբն ազդարարվեց Շառլ Անզնավուրի անվան հրապարակից և ավարտվեց Թատերական հրապարակում։ Թատերական հրապարակում Գյումրիում հյուրընկալված «Եվրոպական կամավորական ծառայություն» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցների կողմից ներկայացվեց Էրազմուս+ Երիտասարդություն ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները։ Օրվա նախաձեռնողների կողմից անակնկալ էր պատրաստվել գյումրեցի երիտասարդների և քաղաք այցելած մեծաթիվ հյուրերի համար՝ թատերական հրապարակում մեկնարկած COLOR FEST GYUMR գունային փառատոնը։ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի երեկոյան բացօթյա համերգով՝ փոփջազային երգչուհի Արփիի և DJ-ներ Cenn_gg-ի ու Minasoff-ի մասնակցությամբ:
«Արդեն չորրորդ տարի է իրականացնում ենք երիտասարդների օրվան նվիրված միջոցառումների շարքը, բայց ամեն տարի փոխելով միջոցառումների ձևաչափը՝ հիմնվելով հարցումների վրա: Ասեմ որ նախորդ երեք տարիների հետ համեմատ այս անգամ ձևաչափը փոխվել է՝ նախկինում հիմնականում ունեինք կրթական ձևաչափ, իսկ այս տարի պարզ դարձավ, որ երիտասարդները ուզում են ժամանցային միջոցառում՝ երիտասարդները ցանկացան տոնել իրենց օրը և մենք որոշեցինք այսօրը նրանց համար տոնի վերածել» ,-«Արմենպրես»-ին նշեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախագահ Արթուր Նաջարյանը՝ փաստելով այս տարի միջոցառման խորհուրդը երիտասարդների առողջ ապրելակերպի խրախուսումն ու երիտասարդների համար անվտանգ տարածքի ստեղծումն է:
Երկար տարիներ երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպության նախագահն երիտասարդների խնդիրներից առանձնացրեց երեքը՝ գործազրկության, բնակարանների ձեռքբերման և երիտասարդների շարժունակություն հարցը: «Երիտասարդն իր զբաղվածությունը չի կարող ապահովել և հետազոտությունները ցույց են տվել, որ դա ոչ թե աշխատատեղերի պակասի, այլ մրցունակ չլինելու պատճառով է: Դա լուրջ խնդիր է, ինչը փորձում ենք լուծել»: