Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պարոն Գրիգորյան, Իրանի դեսպանի հետ Ձեր հանդիպման մասին գրառման մեջ նշվել է վարչապետի՝ Իրան այցի մասին։ Արդյոք կարող եք հստակ ժամկետներ ներկայացնել»,- հարցին ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց․
«Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:
Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը»,- իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:
Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկու երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:
Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ: