Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ sut.am կայքում հրապարակված լրագրող Տիրայր Մուրադյանի նյութի շուրջ հետաքրքրական զարգացումներ եղան: Նյութը փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին է, որտեղ նշվում է, որ նա տարիներ շարունակ հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: Նյութի հրապարակումից քիչ անց այն հեռացվել է Դանիել Իոնիսյանի կողմից, ով հանդիսանում է sut.am կայքի ծրագրերի կոորդինատորը: Մի քանի ժամ անց հրապարակվել է նյութի փոփոխված ու լրացված տարբերակը:
Լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ կարծիքով՝ փոխվարչապետի աշխատակազմում օգտվելով այն հանգամանքից, որ Դանիել Իոննիսյանը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն է, նրա նկատմամբ, ենթադրում եմ, ճնշում, չեմ բացառում նաև՝ շանտաժ և կամ նմանօրինակ այլ գործողություններ են կատարել»:
Այս հայտարարությանը արձագանքեցին թե Դանիել Իոնիսյանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանը:
Այսպես` Դանիել Իոնիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում: Ես դրա իրավունքն անգամ չունեմ: Եվ որևէ մեկը չի փորձել դա անել՝ ոչ Տիգրան Ավինյանը, ոչ էլ յուր գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ այս նյութը չհրապարակվի, կամ՝ հրապարակվելուց հետո հեռացվի:
Արդեն վերաբացված նյութում (հղումը՝ մեկնաբանության մեջ) եղել են բազմակողմանիության ապահովման լուրջ խնդիրներ և կազմակերպության ծրագրերի պատշաճ իրականացման իմ պարտականությունների շրջանակներում ես օպերատիվ որոշում եմ կայացրել նյութը ժամանակավորապես փակել և վերաբացել այն նյութերի որակի նկատմամբ մեր պահանջներին համապատասխանեցնելուց հետո: Նյութը վերահրապարակած բոլոր լրատվամիջոցներին խնդրում ենք դրան ավելացնել լրացումը, որը փաստերի մակարդակով ներկայացնում է աներկբա պնդումները:
Հ.Գ. Այդուհանդերձ, իմ գործողությունների համապատասխանությունը կազմակերպության կարգերին մանրամասն քննարկվելու է երկուշաբթի: Արդյունքների մասին կգրենք»:
Փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանը պարզաբանել է.
«Լրագրող Տիրայր Մուրադյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ցանկանում եմ տեղեկացնել, որ ոչ ես՝ Գեորգի Մուրադյանս, և ոչ էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից որևէ մեկը չի միջնորդել լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Sut.am կայքում որևէ նյութ վերախմբագրելու կամ հեռացնելու համար։ Այդ փաստը նշել է նաև Sut.am կայքի համակարգող Դանիել Իոանիսյանը։ Ընդգծեմ նաև, որ անտրամաբանական կլիներ, եթե ես սկզբում համաձայնեի մեկնաբանություն տալ հարգելի Տիրայրին, իսկ հետո պահանջեի հեռացնել իր հեղինակած նյութը։
Մենք չափազանց բարձր ենք գնահատում խոսքի և մամուլի ազատության կարևորությունը, որպեսզի նման քայլերով փորձենք միջամտել ազատ լրատվամիջոցների գործունեությանը։
Ինչ վերաբերում է հարցազրույցի ընթացքում իմ տված մեկնաբանություններին, ապա ես կրկին վերահաստատում եմ դրանք, քանի որ, լինելով պետական պաշտոնյա, նպատակ ունեմ աշխատել ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային սկզբունքներով։ Ինձ վերաբերող որևէ միջադեպի կամ հարցի շուրջ բացարձակապես չեմ փորձել ու չեմ փորձելու թաքցնել ինչ-որ բան կամ մոլորեցնել մեր քաղաքացիներին։ Ասածիս լավագույն ապացույցն այն է, որ մեկ անգամ չէ՝ լրատվամիջոցներին պատրաստակամորեն մեկնաբանել և պարզաբանել եմ ինձ վերաբերող կամ ինձ հասցեագրված ցանկացած հարց։
Ես չափազանց բարձր եմ գնահատում ինձ վրա դրված պատասխանատվությունը, և վստահեցնում եմ, որ անցյալի ոչ մի միջադեպ չի կարող ու չի ազդելու իմ ներկա և հետագա գործունեության վրա»:
Քիչ առաջ լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ լքել է sut.am կայքի իր աշխատատեղը: