կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-15 22:28
Քաղաքական

Կադրային հեղափոխություն իրականացնելու համար օն-լայն հարթակ է ստեղծվելու. Փաշինյան

Կադրային հեղափոխություն իրականացնելու համար օն-լայն հարթակ է ստեղծվելու. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանել է քաղաքացիների հարցերին: Ամենաշատ հավանության արժանացած հարցերից էր աշխատանքի տեղավորման ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցը: Օգտատերը հարցնում էր, թե երբ պետք է ներդրվի աշխատանքային փորձի համակարգը, երբ պետք է կասեցվի ըստ տարիքի ու արտաքինի աշխատանքի ընդունման պրակտիկան:

Վարչապետ Փաշինյանը նախ նշեց, որ դա շատ կարևոր հարց է համարում, նշելով որ հակառակ բողոքներն էլ է լսել, որ աշխատանքի են հրավիրում միայն մինչև 35 տարեկան անձանց:

«Ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունման տրամաբանությունը կաշառք վճարելն է, ծանոթ-մեջք-բարեկամ ունենալն է: Առայժմ այս ոլորտում հեղափոխություն տեղի չի ունեցել: Առաջիկայում պետք է կարողանանք իրագործել ամենակարևոր հեղափոխություններից մեկը` կադրային հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ` ժամանակակից աշխարհում դժվար է աշխատանք գտնել այն մարդկանց համար, ովքեր մեկ երկու օտար լեզու չգիտեն: Աշխատանքի շուկայում պահանջները անընդհատ մեծանում են, այլ խնդիր է, որ բոլոր արժանիները պետք է ստանան աշխատանք պետական համակարգում, ինչի վերաբերյալ վարչապետը չի կարող պնդումներ անել, թե այսօր այդպես է:

«Մտածում ենք մի օնլայն հարթակ ստեղծել, որը կլինի հրապարակային, ինքնաշխատ, և հնարավորություն կտա կառավարությանը գտնել առավել արժանի կադրերին, որոնք կաշխատեն պետակա կառավարման համակարգում:Մենք նպատակ ունենք պետական մակարդակով կադրային բանկ ստեղծել, որը կլինի օնլայն հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից յուրաքանչյուր հայ, հայերեն իմացող մարդ, կարող է իր հավակնությունները ներկայացնել այդ հարթակին, և ծրագիրը ինքը կֆիլտրի լավագույններին` ներկայացնելով կառավարությանը, և նրանք կանցնեն աշխատանքի պետական համակարգում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` վերջին մեկ-երկու ամսում իր համար ակնհայտ դարձավ, որ հսկայական կադրային բանկ պետք է ստեղծել, որպեսզի  հնարավոր լինի իրականացնել կադրային հեղափոխություն: