կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-06 11:40
Աշխարհ

Լապշինը բացատրել է` ինչու Լուկաշենկոն հանձնեց իրեն Ադրբեջանին. տեսանյութ

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված և ավելի ուշ ազատություն ստացած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը և այն տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:

«Տարօրինակ կերպով այդ պատմության մեջ միախառնվեցին կարծես երեք բարեկամական երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,- նշում է ռեպորտաժի հեղինակը:

«Բարեկամ Լուկաշենկոն, հանկարծ մեծ ժեստ անելով, Ռուսաստանի ձերբակալված քաղաքացուն հանձնում է բարեկամ Ալիևին՝ կարծես բոլորովին մոռանալով բարեկամ Պուտինի մասին»,- նշվում է ռեպորտաժում:

Լապշինը, մեջբերելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը, նշում է, որ նման արտահանձնումն անօրինական էր, նման բան երբեք չի եղել, և դա հարված էր Ռուսաստանի Դաշնության հեղինակությանն ու կարգավիճակին:

«Իրականում, ինչպես իմացա ռուս դիվանագետներից, խոսքը Ռուսաստանի Դաշնությանը գազի համար պարտքի վճարումը հետաձգելու մասին էր: Այսինքն՝ նա ենթադրում էր, որ ինձ Ադրբեջանին չարտահանձնելու դիմաց ինչ-որ կերպ կհետաձգեն պարտքերի վճարման ժամկետները: Քանի որ Ռուսաստանը, իհարկե, հրաժարվեց, նա ինձ հանձնեց Ադրբեջանին»,- ասել  է Լապշինը:

Նա նաև պատմում է Բաքվի բանտում իր վրա գործած հարձակման մասին, որից հետո հայտնվել էր հիվանդանոցում` վերակենդանացման բաժանմունքում: 3 օրից ուշքի գալուց հետո նրա փաստաաբանը և Ադրբեջանում Իսրայելի դեսպանը տեղեկացրել են, որ իրեն գտել են խցում` կախված: Իսրայելի դեսպանը, սակայն, իրեն խորհուրդ է տվել ոչ մի հայտարարություն չանել այդ պահին՝ նշելով, որ իրենք հասկանում են` ինչ է տեղի ունեցել իրականում, և հայտնել է, որ Ալիևը Լապշինի նկատմամբ համաներում է կիրառել, նա վերադառնում է տուն:

 «Ամերիկայի ձայն»-ը նշում է, որ Լապշինը չի բավարարվել նրանով, որ կարողացել է վերադառնալ տուն, և Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել՝ Ադրբեջանի իշխանություններին  մեղադրելով իր դեմ մահափորձ կատարելու մեջ:

Մանրամասն` տեսանյութում: