կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 20:41
Տարածաշրջան

Լապշինը Բելառուսի գերագույն դատարանում բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը

Լապշինը Բելառուսի գերագույն դատարանում բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը

Ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի գերագույն դատարան են ներկայացրել Ադրբեջանին նրան արտահանձնելու մասին հանրապետության գլխավոր դատախազության որոշման բողոքարկումը: Այդ մասին ТАСС-ին երկուշաբթի հայտնել է երկրի Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Յուլիա Լյասկովան:


«Վաղը փակ նիստի ժամանակ Գերագույն դատարանը կստուգի Մինսկի քաղաքային դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորումը, որով օրինական է ճանաչվել քրեական հետապնդման համար Ադրբեջանին քաղաքացի Լապշինի արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի որոշումը»,- ասել է նա:

 

Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին հրաժարվել է բավարարել Ադրբեջանին արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշման Լապշինի բողոքարկումը: Ադրբեջանական կողմին Լապշինի արտահանձնելու մասին գլխավոր դատախազի տեղակալի որոշումը ճանաչվել է օրինական:


Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին՝ ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն:


Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:


Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։


«Բելառուսը հիմքեր չունի Ադրբեջանին չարտահանձնել բլոգեր Լապշինին»,- փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ այդ հարցը կորոշվի «օրենքով և միջազգային համաձայնագրերով»: Նա նաև կասկած է հայտնել, որ Գերագույն դատարանը կբավարարի Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ բլոգերի բողոքարկումը: