կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 18:15
Իրավական

ՔԿՀ տեսակցության սրահներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք. վարչապետ

ՔԿՀ տեսակցության սրահներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք. վարչապետ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիր:

 «Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասել է վարչապետը՝ պատասխանատուներին հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: «Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», - ընդգծել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Նախագծով առաջարկվում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել: ՀՀ կառավարությունն առաջարկել է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: